Խորհրդարանն ընդունեց հայտարարությունը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին խորհրդարանը գումարել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ:
Հայտարարության նախագծում ասված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,
3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
4. Առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:
ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:
Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: