Հորդորեցին սադրանքի չենթարկվել
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկման է դրվել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից նախաձեռնած նախագիծը, որը վերաբերում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպը քննադատող միասնական հայտարարություն կազմելուն:
Նիստին մասնակցում են բոլոր խմբակցություններից պատգամավորներ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով գլխավոր զեկուցող Արմեն Ռուստամյանին նկատեց, որ այն փաստը, որ հայտարարության համահեղինակ է ՀՀԿ-ն, դա արդեն իսկ կասկածի տակ է առնում տեքստի անկեղծությունը. “Սա արվում է բռնության հետեւում կանգնած մի խումբ մարդկանցից մեղադրանքը շեղելու համար. երեկվանից այս տեքստը շրջանառության մեջ է դրվում ՀՀԿ-ի կողմից, հանդուրժողականություն է քարոզվում, բայց այսօր էլ ԱԺ նիստում մենք տեսնում ենք, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին փողոցային խոսքեր է ասում, մեկ ուրիշ պատգամավոր էլ անհասցե ափըռ-ցըփըռ հայտարարություններ է անում, հետո գնում մամուլում ասում էս ինչ պատգամավորին սենց բան ասեց”,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շարունակում էր ելույթը, բայց Գալուստ Սահակյանը հորոդորեց հարցադրմամբ հանդես գալ: Փաշինյանն անդրդվելի մնաց ու հարցը ուղղեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ եք խմբակցության նիստ անել եւ ձեր պատգամավորներին բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը ՀՀ-ում հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու համար,-ասաց նա:
-Խնդրում եմ ձեզ զուսպ պահեք,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Փաշինյանը նշեց, որ դեմ է քվեարկելու հայտարարության այս տեքստին, որովհետեւ չի կարող “մի դաշտում մտնել փողոցային բառապաշար ու խուլիգանի վարքագիծ ունեցող ՀՀԿ-ական պատգամավորների հետ”:
ԱԺ նախագահը կոռեկտության կոչ հնչեցրեց, իսկ նախագծի հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանն էլ խնդրեց սադրանքների չտրվել: