“Օրինաց երկիր”-ը դատապարտում է
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին:
Քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակմանը՝ արձանագրելով.
«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: Մասնավորապես կուսակցության քաղաքական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում և դատապարտում է վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունն ու բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններից մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և պատժելու օպերատիվ միջոցառումներ հետագայում նմանօրինակ դրսեվորումների կրկնությունը բացառելու համար:
Նման գործողությունները կարող են նպաստել երկրում անպատժելիության մթնոլորտի և բռնության ավանդույթի ձևավորմանը, ինչը իրական սպառնալիք է հանրության անվտանգության համար և արդարացիորեն հարուցում է քաղաքացիների զանգվածային զայրույթն ու դժգոհությունը: