‘ԷկոԼուր’-ը պահանջում է ուսումնասիրություններ ՀԱԷԿ-ի տարածքում
“Էկոլուրը’ հաղորդագրություն է տարածել,որով համապատասխան գերատեսչություններից պահանջում է ուսումնասիրություններ կատարել ՀԱԷԿ-ի տարածքում.
‘Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը սելավատարերից պոկել է բետոնի կտորներ եւ հեռացրել մի քանի մետր հեռու: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ դեպքի վայրում: Ջրով լցված նկուղներում, որտեղից ջուրը դեռ չէր ցամաքել, կուտակվել էր ոչ միայն աղբ, այլեւ կային կենդանիների դիակներ: ‘Վայրի շների ոռնոցը գիշերը մենք լսել ենք մինչեւ ջրհեղեղ, հիմա չկա, խաղաղություն է: Վստահ եմ, որ նրանք սատկել են, որը խեղդվել է մի քարի տակ, որը չբնակեցվող պադվալում, որը մի ծառի տակ: Մի ամիս հետո դրա արձագանքը կլսենք: Հենա ներքեւում հավերը սատկել են, շները հարսանիք են անում’,- ասում է բնակիչներից մեկը: ‘Այստեղ միշտ սելավ եղել է, բայց այս աստիճանի սելավ դեռ չէի տեսել ես: Ահավոր էր, սարսափելի էր: Էլ օձ ու կարիճ չմնաց: Ամեն ինչ սրբեց, տարավ’: ‘Ջուրը գալիս է, դեմը ինչ կարող ես անել, ոչ մի բան: Ատոմակայանը, չեմ իմանում, թե ինչքան է ամուր, բայց կարող է եւ վնաս տար, եթե ավելի շատ լիներ’,- անհանգստանում է Մեծամորի բնակչուհին: ‘Արմավիրի զարգացման կենտրոն’ ՀԿ-ի ղեկավար Նաիռա Առաքելյանն էլ ասում է. ‘Սելավը ոռոգման համակարգի խողովակներն է քանդել ու ամբողջը ծածկվել է ջրով…’: Հողամասերից մեկի սեփականատերը մեզ ցույց տվեց կենդանի մնացած միակ ճագարին: ‘Հեղեղը բոլորին տարավ, սա մնա: Ես նրան բաց եմ թողել, թող վազվզի’:
Մեծամորի եւ Այգեգործական ընկերության բնակիչների հիմնական անհանգստությունն այն է, որ այդ աղետի նկատմամբ պաշտոնյաների կողմից որեւէ արձագանք չեղավ: ‘Արտակարգ իրավիճակների նախարարությունից եկան, փնտրեցին կորած երեխային: Գտան (երեխան մահացել էր) եւ վերջ: Այլեւս մենք նրանց չտեսանք: Իսկ թե ինչ է այստեղ կատարվում, ինքներդ տեսեք… Եթե ժամանակին տեխնիկա բերեին, ապա նման ավերվածություններ չէին լինի: Ընդհանրապես չէին աշխատում… Ի պատասխան իմ բողոքի` Մեծամոր քաղաքի եւ հարակից տարածքների սանէպիդկայանի պետի ստորագրությամբ ես գրություն եմ ստանում, որ ամսի 13-ին ջրանմուշներ են վերցրել, եւ ջրի (ոռոգման) աղտոտվածության շեղումը նորմայի սահմաններում է… Էս հորը ես եմ միացնում, այդ օրը հոսանք չի եղել: Ո՞նց են վերցրել, եթե խորքային հորը չի աշխատել: Հոսանքը վերականգնելուց հետո ամսի 15-ին նոր աշխատել է… Բացել ենք հորը, հանել ենք պոմպը, նկարներ կա, փաստեր կա, որ ամբողջովին հորն աղտոտված էր ցելոֆաններով, թղթերով, լիլով’,- պատմեցին բնակիչները:
Մենք ուշադրություն ենք հրավիրում նրա վրա, որ Այգեգործական ընկերության տարածքը ՀԱԷԿ-ի հետ միասին գտնվում է միեւնույն վարչական տարածքում: Այս տարածքն իր նկատմամբ հատուկ ուշադրություն է պահանջում: Արդեն իսկ հասկանալի է, որ սանէպիդկայանն անտեսել է իր պարտավորությունները եւ պատշաճ ուսումնասիրություններ չի կատարել: Նաեւ հարց է առաջանում, թե արդյոք բացառվում է ՀԱԷԿ-ին պատկանող սարքավորումների վնասվելը: Նշենք, որ ՀԱԷԿ-ը փակ ձեռնարկություն է, եւ ՀԱԷԿ-ը բնական աղետից հետո իրեն պատկանող օբյեկտների վիճակի մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել:
‘ԷկոԼուր’-ը դիմում է ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններին` պահանջելով արձագանքել ահազանգին եւ հեղեղից տուժած տարածքում անցկացնել ուսումնասիրություններ եւ պարզել, թե ինչ վիճակում էԱյգեգործական ընկերության ոռոգման համակարգը, եւ ինչ վիճակում է ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգը ՀԱԷԿ-ի տարածքում: Ինչպես նաեւ պահանջում ենք ՀՀ կառավարության շտապ միջամտությունն այդ բնական աղետի հետեւանքների վերացման գործում’: