Հաճոյանալու ժե՞ստ Ռուսաստանին
՛՛Ես ասել եմ, որ զուտ մեր արժանապատվության, պետության քաղաքական անվտանգության համար լավ կլիներ քվեարկությունը չդարձնեինք կոնյունկտորային, կուսակցական քվեարկություն, այլ գոնե այս անգամ այն լիներ խղճի մտոք, որի դեպքում, ես համոզված եմ, որ 4-5 անգամ ավելին կլինեին ՛՛դեմ՛՛-երը, որն ինչ-որ տեղ ապագայում մանևրելու հնարավորություն կտար՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ խորհրդարանում խմբակցությունների գրեթե միասնական քվեարկությունը (103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ)՝ հօգուտ ԵՏՄ անդամակցության կարելի է համարել Ռուսաստանին հաճոյանալու ժեստ:
՛՛Ցավոք, իշխանությունը, և ոչ միայն նրանք, ուշադրություն չդարձրեցին այս հարցին, ինչը քաղաքական մշակույթի պակասի հետևանք է։ Պետք է գիտակցենք, որ պետության համար որոշակի սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածությունների պետք է գալ՛՛,-նկատեց նա։
Ըստ նրա՝ այս քվեարկությամբ աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք այլընտրանք չունեցող պետություն ենք: Վաղը ԵՏՄ-ում ինչ-որ հարցեր քննարկելիս հենց իշխանությունները կզգան, որ եթե այսօր ունենայինք որոշակի այլ մոտեցում, կարող էին բանակցությունում դա ի օգուտ պետության շահերին օգտագործել:
Հակոբյանն ընդգծեց՝ իրեն պետք չէ մեղադրել
հակառուսականության մեջ: ՛՛Ես միշտ դիտել եմ, որ Ռուսաստանը մեր թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, բայց պետք է հասկանալ, որ այս պահին դու ունես կենսական շահեր և դու պետք է այդ շահերը պաշտպանես՛՛։