Տաքսիստը ջարդել է մարմնավաճառի քիթը, կրակել է ճակատին` իր երեխային անիծելու համար. Ժամանակ
“Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Ռոման Դավթյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Երևան քաղաքի “Կարմիր բլուր” գերեզմանատան տարածքում Ռոման Դավթյանն իր կողմից օգտագործվող “Ֆոլքսվագեն գոլֆ” մեքենայի մեջ Լիանա Պ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածել է նրա դեմքի ու մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը զույգ ակնակապիճների ստորին կոպային շրջանների արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, քթոսկրի կոտրվածքի ձևով պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Այնուհետև, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ռոմանը մեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է Լիանայի դրամապանակը, դրա միջից հափշտակել 10 հազար դրամ և իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված “Մակարով” տեսակի օդամղիչ ատրճանակով դիտավորությամբ կրակել է Լիանայի ճակատին ու աջ ոտքին՝ գլխի ճակատային հատվածի և աջ սրունքի սալջարդ վերքերի ձևով տուժողի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:Այս ամենից հետո, ըստ մեղադրանքի, Ռոման Դավթյանը Լիանա Պ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա ու հեռացել է:
Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցված են ամբաստանյալի և տուժողի հագուստները, “Մակարով” մոդելի ատրճանակը, տուժող Լիանա Պ.-ի ճակատից հանված գնդակը…
30-ամյա Ռոմանը ծնունդով Վայքից է, ապրել է Երևանում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել: Նրա խնամքին է 3 տարեկան դուստրը: Ռոմանն ամուսնալուծված է, Երևանում ապրել է վարձակալությամբ: Հարցաքննվեցին վկաները: Երկու վկայի՝ Ռոմանի քրոջ ու ընկերոջ հատկապես նախաքննական ցուցմունքներից ուրվագծվեց դեպքերի հետևյալ պատկերը:
Ռոմանը Երևանում ապրել է ընկերուհու՝ Աննա-Անահիտի հետ, ով ակնհայտորեն զբաղվել է… մարմնավաճառությամբ և ճանաչել է նույն արհեստով զբաղվող տուժողին: Ռոմանը իր մեքենան ծառայեցրել է որպես տաքսի: Նա ճանաչել է տուժողին, իր մեքենայով տեղափոխել է նրան այսուայնտեղ: Տուժողը Ռոմանին պարտք է եղել:
Դեպքի օրվա երեկոյան Ռոմանը ընկերուհու հետ դուրս է եկել աշխատանքի: Ամեն մեկն իր գործով է զբաղվել: Ընդ որում՝ Ռոմանն ու ընկերը՝ Կարենը, երեկոյան խմիչք էին օգտագործել: Վաղ առավոտյան, “աշխատանքը” վերջացնելով՝ պատրաստվել են տուն գնալ: Ռոմանի մեքենայում են եղել ընկերուհին՝ Աննան, ու ընկերը՝ Կարենը: Վերջինիս զանգել է Լիանան, ասել է, որ նույնպես “աշխատանքը” վերջացրել է: Եվ Կարենը, ով, իր ասելով, Լիանային չէր ճանաչում, միայն հեռախոսով էր հետը խոսել, Ռոմանին խնդրել է, որ Լիանային էլ տուն տանեն:
Մեքենա են նստեցրել նաև Լիանային, ում “Անահիտ” էին ասում: Կարենը զրուցել է Լիանայի հետ, իսկ վերջինս, ըստ Կարենի, խաղացել է հեռախոսով: Կարենը նրա ձեռքից վերցրել է հեռախոսն ու գցել է առջևի նստատեղերի կողմը, որպեսզի Լիանայի ուշադրությունը չշեղվի: Հեռախոսը, ըստ Կարենի, այդպես մնացել է Ռոմանի նստատեղի կողքին:
Ճանապարհին Լիանան, ըստ Կարենի, հազար դրամ է տվել ու առաջարկել է գարեջուր խմել: Չորս հատ գարեջուր են գնել: Հետո Ռոմանը Կարենին ու իր ընկերուհուն իջեցրել է Երրորդ մասում՝ իրենց վարձակալած տան մոտ, և ասել է, թե Լիանային տուն է տանում ու գա:
Ռոմանն ուշացումով է տուն վերադարձել: Նրա շորերի վրա արյան հետքեր են եղել: Տանը գտնվող ընկերուհուն, Կարենին ու հյուր եկած քրոջը՝ Ժաննային, Ռոմանը պատմել է, թե Լիանան իրեն տասը հազար դրամ էր պարտք, նրան մի քանի անգամ Երրորդ մասից Կոմիտաս էր տարել:
Երբ Լիանայի հետ մենակ են մնացել մեքենայում, պահանջել է վերադարձնել պարտքը, ասել է, թե այդ փողը պետք է իր երեխային: Լիանան էլ, ըստ Ռոմանի պատմությունը ներկայացնող վկաների, “տղամարդու հայհոյանքներ” է տվել ու անիծել է Ռոմանի երեխային: Այդ վերջին հանդգնությունը Ռոմանը չի ներել: Նա բռունցքով հարվածել է Լիանային: Տանը պատմել է նաև, թե կրակել է Լիանայի ճակատին…”,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: