«Փաշինյանին պետք է կանչել պատասխանատվության․ դատարանի առջև պետք է կանգնի այդ անձը»․ բողոքի ակցիա է մեկնարկել
Գարեգին Նժդեհի արձանի մոտ բողոքի ակցիա է մեկնարկել՝ «Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման նախաձեռնությամբ։
«Նպատակը զգոնության կոչ ուղղելն է հայ հասարակությանը, որպեսզի մարդկանց մոտ արթնանա սեփականատիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունը՝ իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու դեմ», – լրագրողների հետ զրույցում ակցիայի նպատակը մանրամասնեց «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից սկսված և ազգային արժանապատվությունն ու շահերը ոտնահարելու տրամաբանությամբ զարգացող գործընթացները պետք է կասեցնել։
«Հայ մարդն այսօր պետք է ոտքի կանգնի։ Ես անձին չեմ մեղադրում, ես մեզ եմ մեղադրում, որ թույլ տվեցինք։ Եվ հնարավոր է, որ ավելի վատ որոշումներ կայացնի (Փաշինյանը-խմբ․)», – ասաց նա՝ մտահոգություն հայտնելով առաջիկա զարգացումների առնչությամբ։
«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժման համակարգող Արթուր Բաբայանը (Արթուր Արմին) նշեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային նորմերին, բացի այդ, Փաշինյանն իրավասու չէր Արցախի տարծքների հետ կապված համաձայնագիր ստորագրել, ուստի ակցիայի մասնակիցները պատրաստվում են երթ անցկացնել դեպի Գլխավոր դատախազություն, կառույցին տրամադրել իրենց դիմումը՝փաստող, որ Փաշինյանը գերազանցել է իր լիազորությունները։
«Շուրջ 30 քաղաքական ու հասարակական կազմակերպություն է ստորագրել դիմումը, որպեսզի հայց ներկայացվի։ Ո՞նց կարող է մի անձը մի ամբողջ ազգի ճակատագիր որոշել․ համ ասի, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, համ էլ գնա Արցախի համար ինչ-որ բան ստորագրի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ապօրինի է, չի համապատասխանում և՛ միջազգային նորմերին, և՛ Հայաստանի գործող օրենսդրությանը։ Նա իրավասու չէր դա անել և դրա համար գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որով նրան պետք է կանչել պատասխանատվության։ Դատարանի առջև պետք է կանգնի այդ անձը», – ասաց Բաբայանը։
Ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները նամակ են հանձնելու նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատներին։