15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանաձորի բանտից Հարվարդի շրջանավարտը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս աղջկանից հափշտակել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումար:

Արսեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանում Արսեն Սիմոնյանը ներկայացրեց իր անձը:

Նա Արմավիրի մարզի բնակիչ է, խոսում է՝ իր խոսքին փորձելով ինչ-որ երեւութական ծանրակշռություն տալ: Ըստ երեւույթին՝ այդպես է խոսել նաեւ “Օդնոկլասնիկի” կայքով եւ այլ եղանակներով ծանոթացած աղջիկների հետ, տպավորություն է գործել: Սակայն նախագահողի վրա ամբաստանյալի խոսքը նրա ցանկացած տպավորությունը չգործեց, եւ ի պատասխան նախագահողի դիտողության՝ ամբաստանյալն ասաց. “Իմ մոտ ամեն ինչ մի քիչ բարդ ա”:

Նա 2011 թվականի հունվարին օրինական կարգով, զագսի գրանցումով ու վկայականով ամուսնացել է: Փաստի հետաքրքրությունն այն է, որ այդ ժամանակ ամբաստանյալը գտնվել է կալանավայրում: Նրա հետ օրինական ամուսնությամբ կյանքը կապած կինը հավատացել է Արսենի հմայքներին ու խոստումներին՝ ամուսնանալու աստիճան:

Արսենն ասաց, թե միջնակարգ կրթություն ունի, բայց նախագահողի հարցին նրա պատասխանից պարզ դարձավ, որ ավարտել է 9-րդ դասարանը: Այս հանգամանքը բոլորովին չի ազդել Արսենի ընդհանուր մակարդակի վրա, որովհետեւ այս գործով տուժողին Արսենը հավատացրել է, թե ավարտել է մի շարք համաշխարհային նշանակության ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ Հարվարդի համալսարանը:

Արսենը, ըստ տուժողի, տիրապետում է անգլերենին, նրա հետ խոսելիս աղջիկը չի կասկածել, որ գործ ունի շատ լավ կրթություն ստացած երիտասարդի հետ:

Վերջին դատավճռով Արսեն Սիմոնյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության համար ու վերջին հաշվով դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Այս պատժի մեջ ներառված էր նաեւ դրա նախորդ՝ ավազակային հարձակման համար նշանակված պատժի չկրած մասը:

Ուրեմն՝ վերջին՝ 2010 թվականին կայացված դատավճռով սահմանված պատիժը Արսեն Սիմոնյանը կրել է “Վանաձոր” ՔԿՀ-ում, հենց այնտեղից էլ ծանոթացել ու մոլորեցրել է գործով տուժող աղջկան՝ Սեդային:

Արսենը ներկայացել է որպես Ալեքսանդր Դովլաթբեկյան՝ Ռուսաստանում եւ Իսպանիայում ապրող ու ծաղկուն գործարարությամբ զբաղվող ինտելեկտուալ:

Նա «անկեղծորեն» հայտնել է, որ հայաստանյան կալանավայրում է գտնվում, սակայն հավատացրել է, թե դա սխալմունք է, իրեն հարկավոր է որակյալ փաստաբան, ում վճարելու եւ ազատություն դուրս գալու համար էլ Սեդայից մաս-մաս խնդրել ու ստացել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումարը:

“Պարոն Դովլաթբեկյանը” Սեդային խոստացել է ազատություն դուրս գալու հաջորդ օրն եւեթ ամբողջ գումարը… վերադարձնել:

Սեդան գումարները կալանավայրում՝ նեղության մեջ “թյուրիմացաբար” հայտնված “գործարարին” է ուղարկել հենց կալանավորի մատնանշած տաքսիստի միջոցով: Տաքսիստը սույն գործում վկայի կարգավիճակ ունի:

Արսենը, Սեդայից չթաքցնելով, որ կալանավայրում է, թաքցրել էր իր ամուսնացած լինելու հանգամանքը: Սեդան սիրահարվել էր “Ալեքսանդր Դովլաթբեկյանին”, միաժամանակ մարդկայնորեն ցանկացել էր օգնել սխալմամբ կալանավայր ընկած խելացի, զարգացած մարդուն:

Սեդան միամիտ ու շատ դյուրահավատ աղջկա տպավորություն չի գործում: Նա ասաց, որ ինքը երկար է տանջվել, վերլուծել է իր հետ տեղի ունեցածը: Ինքը չէր պատկերացնի, որ իրեն նման բան կպատահի, որ այսպես կարող է խաբվել:

Բայց Սեդայի կարծիքով՝ Արսենը իր սիրտը գրավել է նաեւ հիպնոսի ու հոգեբանական ազդեցության տարբեր հնարքներ գործադրելով:

Նրանք “սկայպով” երբեք չեն խոսել, աղջիկն Արսենի աչքերին չի նայել, խոսել են միայն հեռախոսով, շփվել են”Օդնոկլասնիկով”, Սեդան ուսումնասիրել է “Ալեքսանդր Դովլաթբեկյանի” լուսանկարները, գրավվել է նրա աչքերի խորությամբ, նրա խոսքի հմայքով ու… սիրահարվել է այն աստիճանի, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի հունվար ամիսը, կալանավայր է ուղարկել 6 միլիոն 700 հազար դրամ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ