Ինչու Անդրեասյանը չի հրավիրել Կոստանյանին
՛՛Տարվա մեջ 365 օր մենք քննադատում ենք, կարծում եմ՝ մեկ օր էլ իրավունք ունենք ոչ թե քննադատել, այլ նշել այդ լավը, որ արվում է, լավն ասենք, որ ավելի լավը լինի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանը գերատեսչությունների ղեկավարների զեկույցները, որոնք ՛՛կենացների՛՛ են նմանվում:
ՄԻՊ-ի խոսքով՝ բացակաների կամ խնդիրների մասին այսօր փորձում է ոչ թե սուր հարցադրումները դնել քննադատության տեսքով, այլ համագործակցության առաջարկով. ՛՛Օրինակ, ինչպես լսեցիք, ես առաջարկեցի, որ երթերի ու ցույցերի հետ կապված լինի համագործակցություն, նշեցի, որ Կառավարությունը սկսի ավելի շատ հանրային քննարկումներ անցկացնել: Այսօր այստեղ էին բոլոր պաշտոնյաները՝ հանուն մարդու իրավունքների՝ այդ թվում և ես՛՛,-նկատեց Անդրեասյանը:
Հարցին, թե հանուն մարդու իրավունքների ինչու՞ ներկա չէ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արդյոք դա պայմանավորված է ՄԻՊ-Դատախազություն հակասություններով, ՄԻՊ-ը պատասխանեց.
՛՛Հակասություն ես որևէ մեկի հետ չունեմ, եղել է հրապարակային քննադատություն նույնիսկ այսօրվա ներկաների հետ, և միևնույն ժամանակ մենք երբեք չենք անձնավորում, և եթե այստեղ չէին, ուրեմն այս տարի համագործակցությունը չի ստացվել կոնկրետ այդ կառույցի՝ դատախազության հետ՛՛:
Իսկ ուսանողական տարիներին ստացվո՞ւմ էր իրավաբանական ֆակուլտետի ուսանողների՝ իր և գլխավոր դատախազի շփումը.
՛՛Շատ դրական է եղել և նույնիսկ ոչ ուսանողական տարիներին: Մեր մեջ անձնական որևէ խնդիր չկա, կան ինստիտուցիոնալ հարցեր՛՛,-նկատեց Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի ներկայացուցչի բացակայությանը. ՄԻՊ-ի խոսքով՝ ԱԱԾ-ի հետ համագործակցությունը նվազագույն է, բայց նվազագույն են նաև այս կառույցի աշխատանքի հետ կապված բողոքներն ու դիմումները: