Մարգարիտան կա ու կլինի Վահեի կողքին
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Իրենց ոտնահարված իրավունքների համար վաղը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա կիրականացնենք քաղաքական հայացքների համար դատապարտվածների ընտանիքները: Մեզ հետ զրույցում ՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը նշեց.
՛՛ Վաղը առավոտից մենք կլինենք ԱԺ-ի մոտ, ուզում ենք որ պատգամավորները տեսնեն մեզ ու հասկանան, որ պետք է բոլոր հարցերին մոտենալ նաև մարդկային տեսանկյունից: Այսօր Հայաստանում դեռ կան՝ ոչ արդարացի դատապարտումների արդյունքում տուժած ընտանիքներ: Ցանկացած օրենքը ընդունելիս, պետք է մտածեն նաև հետևանքների մասին՛՛,-նշեց Ստեփանյանը:
Մարգարիտա Ստեփանյանը 2 մանկահասակ աղջիկ ունի, ու նրա համար այս պահին բավականին դժվար է դարձել երեխաների խնամքը: Մարգարիտան նշում է, որ ստեղծված իրավիճակը բավականին ազդել է իր երեխաների հոգեբանության վրա: Միևնույն ժամանակ Մարգարիտան չի մեղադրում ամուսնուն.
՛՛Ես միշտ կամ ու կլինեմ նրա կողքին ու համոզված եմ, որ ի վերջո ամեն բան իր տեղում կլինի: Վահեն քաղբանտարկյալ է և նրան խուլիգան բառով պիտակավորումը ոչ մի բան չի փոխում: Նա իր ընտանիքի համար չէ, որ այսօր դատապարտյալ է: Նա դեմ էր դուրս եկել ներկա իշխանություններին ու չէր ցանկանում Հայաստանի քաղաքացուն նվաստացած տեսնել՛՛:
Մարգարիտա Ստեփանյանը համոզված է, որ “Շանթ և ընկերներ” գործով բոլոր դատապարտյալները անմեղ են և նրանք դատապարտվել են միայն ըմբոստացողների խռովքը ճնշելու համար.՛՛ Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ այս անարդարությանը վերջ կտրվի ու մեր տղաները կտեսնեն իրենց երազած Հայաստանը՛՛,-հավելեց նա: