Երեւանից դուրս
Դեկտեմբերի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2014 թվականի գործունեության հաշվետվության և 2015 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տարեվերջյան ամփոփիչ լսումները:
Լսումներին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Լսումների առաջին օրը իրենց հաշվետվություններն էին ներկայացնում Խոտի հոկեյի, Թաեքվոնդոյի, Վոլեյբոլի և Սեղանի թենիսի ֆեդերացիաները: Հաշվետվությունները ներկայացրեցին մարզաձևերի պատասխանատուները և հավաքականների ավագ մարզիչները:
Ներկայացվեցին՝ 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաշվետվություն ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
Առանձին կետերով ներկայացվեցին ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ տարվող աշխատանքները:
Ֆեդերացիաների ղեկավարները ներկայացրեցին 2015 թվականին Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաև Ռիո 2016–ին տվյալ մարզաձևը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների, այդ մարզիկներին լավագույն ձևով նախապատրաստելու ծրագրերը:
Նախարարն իր խոսքում ասաց, որ մարզաձևերի զարգացման համար պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը, չսահմանափակվել միայն Երևանով, և աշխատանքներ տանել նաև մարզերում:
Նախարարը նաև նշեց, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ, և ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի համար նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ հիմնավորված: