Կայացել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովը
Դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության համատեղ ջանքերով ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, Մաքսային միությանը (ԵՏՄ-ին) Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարները, ՀՀ տարբեր գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների պաշտոնյաներ և աշխատակիցներ, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուչիցներ:
Աշխատաժողովը վարել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Միջոցառման նպատակն էր` մեկ անգամ ևս ներկայացնելու Հայաստանի գործարար հանրությանը այն նոր հնարավորությունները, որոնք կստեղծվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ և պատասխանելու նրանց հուզող հարցերին:
Տատյանա Վալովայան իր ելույթում ներկայացրել է մեկ տարվա ընթացքում իրականացրած համատեղ աշխատանքը` իր գոհունակությունը հայտնելով արդյունքների վերաբերյալ և նշելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փորձը, որպես լավ օրինակ, կկիրառվի ապագա անդամների հետ համագործակցության ժամանակ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ հակիրճ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքները և անդամակցող երկրների տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները:
Այնուհետև գործարարներին հնարավորություն է ընձեռվել հնչեցնելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո իրենց գործունեությանն առնչվող հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան մասնագետները տվել են պատասխաններ և պարզաբանումներ, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային կարգավորման, տեխնիկական կարգավորման, մաքսային և հարկային կարգավորման ոլորտների վերաբերյալ: