Չվստահելով ռուս աղջիկներին՝ դատարանին խնդրեց չքայքայել ընտանիքը. Ժամանակ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հայաստանում մեծ տարածում ունեցող՝ աղջիկ փախցնելու հերթական գործի դատական քննությունը: Գործին անդրադառնում է “Ժամանակ” օրաթերթը:
Ամբաստանյալի աթոռին 31-ամյա Զավեն Ե.-ն էր՝ ՌԴ քաղաքացի: Աշխատել է Մոսկվայի «Ցար-Գրադ» մանկական սննդի ֆիրմայում՝ որպես ներկայացուցիչ:
Զավենին ամբաստանյալի աթոռին մենակ չէին թողել նրա 35-ամյա քույր՝ Նելլին՝ 3 երեխաների մայր, վատառողջ, ինչպես նաև 21-ամյա եղբայրը՝ Գոռը՝ ֆիզիկապես առողջ, Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկի օպերատոր:
Զավենն այսպես՝ քույր-եղբայրներով կազմակերպել ու ամուսնության նպատակով իրականացրել է իր հավանած աղջկա՝ Հայկուշի (անունը փոխված է) առևանգումը:
Ըստ դատական ակտի՝ Զավենը դեռ 2003 թվականին մեկնել է Ռուսաստան: Դարձել է ՌԴ քաղաքացի, աշխատանք, գրանցում, որոշակի պայմաններ է ապահովել ու, չվստահելով ռուսաստանաբնակ աղջիկներին, 2014 թվականի հուլիսի սկզբին ժամանել է Հայաստան՝ հայ աղջկա հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու նպատակով:
Հայաստան հասնելուց մի քանի օր անց Զավենի կյանքում տեղի է ունեցել ճակատագրական հանդիպումը. իր ազգականի խանութում նա հանդիպել է որպես վաճառողուհի աշխատող Հայկուշին, հավանել է նրան ու ցանկացել է հետն ամուսնանալ:
Զավենը երևի շտապում էր, Մոսկվայում աշխատանքը սպասում էր նրան, ժամանակ չուներ “կոնֆետածաղկեփնջային” հարաբերությունների, տևական սիրահետումների և նման այլ մանրուքների համար: Հայկուշն էլ, կիրթ աղջիկ լինելով, նրա հետ սիրալիր էր խոսում, ինչը չմերժվելու հույսեր էր տալիս Զավենին:
Եվ ահա նա, ընտանիք կազմելու գործն արագ գլուխ բերելու ցանկությամբ ընտանեկան “կազմով” խումբ է ստեղծել ու իրականացրել Հայկուշի առևանգումը՝ առանց բանատեղ դնելու, որ դա հանցավոր արարք է ու, միգուցե, անհավանական համարելով, որ իր՝ ՌԴ քաղաքացի, Մոսկվայում ապրող ու աշխատող Զավենի դեմ հայաստանցի աղջկա ծնողները կարող են բողոք ներկայացնել ոստիկանություն:
2014 թվականի հուլիսի 15-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Զավենը մոտեցել է աշխատանքից բարեկամուհու հետ տուն գնացող Հայկուշին:
Զավենը աղջիկների հետ զրուցելով մի քիչ քայլել է, ապա անսպասելիորեն գրկել է Հայկուշին և, անտեսելով աղջկա դիմադրությունն ու օգնություն կանչող բացականչությունները, ապագա կնոջը թևերի մեջ առած՝ հասել է ճամփեզրին կանգնած տաքսուն, որի մեջ նրան էին սպասում քույրն ու եղբայրը:
Վերջինս անմիջապես դուրս է եկել մեքենայից, բացել է հետևի դուռը և օգնել է եղբորը, որ դիմադրող Հայկուշին նստեցնի մեքենա:
Ոստիկանությունում ավարտված առևանգումը, այնուամենայնիվ, Զավենի ու առևանգված աղջկա համար “հեփի էնդ” է ունեցել:
2014 թվականի հոկտեմբերի 6-ին կալանքի տակ գտնվող Զավենը և ազատության մեջ գտնվող Հայկուշը օրինական կարգով գրանցել են իրենց ամուսնությունը և, արդեն փոխադարձ համաձայնությամբ, ընտանիք են կազմել:
Այնպես որ, ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր ճանաչելով՝ Զավեն Ե.-ն խնդրել է իրենց նորաստեղծ ընտանիքը չքայքայել, իրենց ներել ու նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: