Նախագահն այցելել է ՛՛Սիթի-մոբիլ՛՛, ՛՛Մարկետ՛՛ ընկերությունների գրասենյակներ և ՛՛Լոֆթ՛՛ ինքնազարգացման կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին: Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին:
***
Լրացուցիչ տեղեկություններ Հայաստանում «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գործունեության և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի վերաբերյալ
«Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն և «Մարկետ» ՍՊԸ-ն հանրային ոլորտում ծառայություններ մատուցող ռուսաստանյան ընկերություններ են՝ հիմնված ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա։ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ.-ին ՌԴ-ում, «Մարկետ» ՍՊԸ-ն` 2011թ.-ին:
Հաշվի առնելով ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժը (համապատասխան մասնագիտությունների մասով՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա), տեխնիկական հմտություններով և լեզուների իմացությամբ մասնագետների առկայությունը, մտավոր սեփականության պաշտպանության համար նախատեսված իրավական դաշտը և երկրում առկա այլ մրցակցային նախադրյալներ՝ երկու ընկերությունների մասնաճյուղերը բացվեցին Հայաստանում (2013թ․-ին՝ «Մարկետ» ՍՊԸ-ի մասնաճյուղը, 2014թ․-ին՝ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ի մասնաճյուղը)։
Նշված ընկերություններն ստեղծեցին աշխատանքային թիմեր՝ իրենց տեխնիկական գործունեության և բիզնես գործառույթների իրականացման մի մասը տեղափոխելով Հայաստան (օրինակ բջջային հավելումների և օպերացիոն համակարգերի նախագծման, կոդավորման և թեստավորման աշխատանքները, մարկետինգի, գովազդի, որակի ապահովման և զանգերի կենտրոնները)։ Նշված աշխատանքային թիմերն իրականացնում են ռուսաստանյան շուկայի պատվերները՝ դրանք մշակելով և կառավարելով մեր երկրից։ Ներկայում այս ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 224 մարդ:
«Սիթի-Մոբիլ» ընկերությունը տեխնոլոգիական լուծումներով ստեղծված ավտոմատացված համակարգ է, որն ապահովում է ՌԴ-ում՝ մայրաքաղաք Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում գործող տաքսի ծառայության սպասարկման և օն-լայն ամրագրման ընթացքը։ Ըստ «Yandex»-ի վիճակագրության ծառայության տվյալների՝ միայն Մոսկվայում տաքսի ծառայության սպասարկման ոլորտում իրականացվում է 3 մլն պատվեր (մեկ ամսվա կտրվածքով), որի 10%-ը իրականացվում է «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ միջոցով։
Վերոնշյալ ավտոմատացված համակարգը պատվերի ընդունման պահից մինչ պատվիրատուին մատուցած ծառայությունն ավարտելը կանոնակարգվում է մի քանի աշխատանքային փուլերով՝ զանգերի, որակի ապահովման կենտրոնի, մարկետինգի, գովազդի բաժնի միջոցով, որը տեղի է ունենում համապատասխան մշակված ծրագրերի շնորհիվ։ Հայաստանյան մասնաճյուղի տարբեր բաժինների աշխատակիցների ընդհանուր թիվը 63 է (04.12.2014թ.-ի դրությամբ)։
«Մարկետ» ընկերությունը ներկայացնում է շուրջ 700,000 անուն ապրանքատեսակ ունեցող օն-լայն հիպերմարկետ (մանկական պարագաներ, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, սպորտի և հանգստի համար նախատեսված պարագաներ, վերանորոգման, շինարարության, տան ներքին և արտաքին հարդարման պարագաներ և այլն)։
Օն-լայն հիպերմակետի կառուցվածքային և բովանդակային մշակումները հնարավոր են դառնում հետևյալ բաժինների աշխատանքային գործունեության արդյունքում՝ ծրագրավորում, զանգերի կենտրոն, լոգիստիկայի բաժին, ապրանքագետներ, կոմերցիոն բաժին: 04.12.2014թ.-ի դրությամբ աշխատակիցների ընդհանուր թիվը 161 է:
Վերոնշյալ ընկերություններում միջին աշխատավարձը կազմում է 94,000-113,000 դրամ (համապատասխանաբար՝ «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերություններ)։
Ծրագրավորման ոլորտում հատուկ մասնագիտական գործառույթ իրականացնողները ընկերության հիմնական աշխատակիցներն են, որոնք վարձատրվում են 450,000 դրամ և ավելի։ Նրանք զբաղվում են ինֆորմացիայի հավաքագրումով և օն-լայն հարթակում (կայքում) ապրանքատեսակների համալրումով՝ վարձատրվելով ըստ մատուցած ծառայությունների։
Ընկերության աշխատանքի կազմակերպման մեկ այլ տարբերակ է՝ «ուսում-աշխատանք» համատեղում մոդելի կիրառումը, որը թույլ է տալիս ուսանողներին անցնելու ժամանակավոր աշխատանքի՝ փորձ ձեռք բերելու և ոլորտում հմտանալու համար, որը վարձատրվում է ազատ գրաֆիկի պայմաններով։
Բացի այդ, «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերությունները համագործակցում են բարձր տեխնոլոգիաների (ծրագրավորման ոլորտ) մի քանի հայկական ընկերությունների հետ՝ որոշակի բիզնես-գործընթացներ կամ արտադրական գործառույթներ հանձնելով համապատասխան բնագավառում մասնագիտացող ընկերությունների սպասարկմանը։
Աշխատատեղերի ստեղծման կադրային քաղաքականության նպատակով ստեղծվել են բազմաթիվ գործնական կապեր ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչի արդյունքում ընկերությունների աշխատակազմի գերակշռող մասն ուսանողներ են։ Մասնավորապես, համագործակցությունն իրականացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ (ներբուհական կառույցը` «Կարիերայի կենտրոններ»):
Ընկերությունների զարգացման և հայաստանյան գրասենյակների համալիր աշխատանքներն էլ ավելի ընդլայնելու համար 2015թ. նախատեսվում է ստեղծել (տեղափոխել) ևս 300 աշխատատեղ, որոնք այս պահին գործում են ՌԴ-ում (օպերատորներ, մարկետոլոգներ, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցներ):
«Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնի մասին
«Լոֆթ»-ը («Loft style») ճարտարապետական ոճ է։ Այս ոճին հատուկ են լայնամասշտաբ սրահները, հնարավոր հարմարավետության միջոցների կիրառումը և ազատ տարածության կոնցեպտը։ Այս տարածքները բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար տեխնիկապես և անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած միջավայրեր են։ Ոճի անվան հետ է կապված նաև կենտրոնի «Լոֆթ» անվանումը։
«Լոֆթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014թ.-ի օգոստոսին: Ս.թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ «Լոֆթ» կենտրոնի համար կատարված ընդհանուր ներ¬դրումը կազմել է շուրջ 100.0 մլն դրամ: Նախատեսված է մինչև 150 անձի համար (միաժամանակյա)։ Հաշվարկված և ապահովված է անվտանգության հակահրդեհային համակարգը։ Ընթացքի մեջ է «Լոֆթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ընտրությունը (10 անձ)։
«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի ստեղծման նախադրյալ է հանդիսացել «Սիթի-Մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի բացման հանգամանքը: Ընկերությունների աշխատակիցների համար «Լոֆթ» ՍՊԸ-ն հանգստի, ժամանցի և ինքնազարգացման միջավայր կլինի: «Լոֆթի» ընդհանուր գոտիում իրականացվող իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենալու նաև նշված ընկերու¬թյունների համապատասխան մասնագետների անմիջական մասնակցությամբ։ «Լոֆթը» միաժամանակ նաև հարթակ է հանդիսանալու նշված ընկերությունների մասնագիտական կադրային համալրման համար։
«Լոֆթ»-ում առանձնացված են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները.
• Ընդհանուր գոտի (այստեղ կազմակերպվելու են հետևյալ ուղղությունների մասնագիտական և փորձի փոխանակման հանդիպումներ)․
1. Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու հմտություններ,
2. Start-Up ընկերությունների բիզնես մոդելավորում,
3. Սկսնակ երիտասարդ ձեռներեցների աշխատանքի պլանավորման մեթոդիկա:
Նախատեսվում է ստեղծել հարթակ ծրագրավորողների համար, ովքեր կարող են «Լոֆթ»-ի տարածքում համատեղ աշխատանքի միջոցով նոր գաղափարներ մշակել։
Վերոնշյալ իրադարձությունները կազմակերպելու համար կան նախնական պայմանավորվածություններ ինչպես ոլորտի ընկերությունների, այնպես էլ անհատների հետ։
• Աշխատանքային գոտի (նախատեսված է սեմինարների (մարկետինգի, հանրային կապերի, գովազդի, ապրանքագիտության, առողջ ապրելակերպի, գրականության, հոգեբանության մասին դասընթացների), քննարկումների (նոր լույս տեսած գրքի, ֆիլմերի, հայկական և արտասահմանյան ժամանակակից գրականության, նոր ներկայացման կամ այլ ոլորտի պրեմիերաների մասին քննարկումներ), վարպետության դասերի (մշակութային, կրթական և այլ ոլորտների առաջատար մասնագետների ներգրավում, վերջիններիս կողմից փորձի և հմտությունների փոխանակում) համար (գոտին համալրված է տեխնիկական միջոցներով և նախատեսված է 30-40 անձի համար)։
• Բեմական տարածք (նախատեսված է երաժշտական, թատերական, հեղինակային երեկոների, շնորհանդեսների համար, համալրված է տեխնիկական հետևյալ միջոցներով՝ երաժշտական գործիքներ, աուդիո սարքավորումներ։ Բեմը նախատեսված է 7-10 կատա¬րող անձի համար)։
• Առողջ ապրելակերպի գոտի (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Նախատեսված է առողջ ապրելակերպին նպաստող տարբեր միջոցառումների կազմակերպում՝ յոգայի տարբեր ձևերի դասավանդում, բուժական ցիգուն, շեյփինգ)։
• Խոհանոց (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Խոհանոցի ֆունկցիոնալու¬թյունը պայմանավորված է ինքնասպասարկումով։ Խոհանոցի տարածքում նախատեսվում է անցկացնել ազգային և յուրահատուկ այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր)։
• Խաղասենյակ (համալրված ժամանակակից (թվային) և ավանդական խաղերի (խմբակային, ինտելեկտուալ և այլ խաղեր) համար նախատեսված միջոցներով։ Ունի ընդհանուր սրահից առանձնացված բնույթ)։
«Լոֆթ»-ը գործելու է ողջ շաբաթվա ընթացքում՝ ներառյալ շաբաթ և կիրակի։
«Լոֆթ»-ի մոդելը հնարավոր է իրականացնել նաև ՀՀ այլ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում։ Այս առումով տարվում են պլանավորման նախնական աշխատանքներ, ինչպես նաև վերը նշված քաղաքների միջավայրային հատուկ ուսումնասիրություն և համապատասխան տարածքի որոնման աշխատանքներ։