Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր GRAMMY մրցանակաբաշխությանը
Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի»մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:
Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում:
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին» հիմնադրվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։