Ուրուգվայը Հայաստանի հետ համամիտ է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Ազգային ժողովում Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գալուստ Սահակյանը նշեց, որ Թուրքիայի ժողովուրդն էլ արդեն ընդունում եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները ամեն ինչ անում են սեփական ժողովրդին եւ Թուրքիայի նոր սերնդին ցեղասպանությանը մասնակից դարձնելու համար: “Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում դատապարտելի է: Արդեն նկատելի է, որ Թուրքիայի ժողովուրդն էլ ընդունում է Հայոց ցեցասպանությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը՝ սեփական ժողովրդին մասնակից դարձնելով Ցեղասպանությանը”,-հայտարարեց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով, ինքը չի հավատում, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի իշխանությունները այդքան կամք կունենան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: “Սակայն մենք գիտակցում ենք, որ այս հարցում ամբողջ աշխարհն արդեն ոտքի է կանգնել, քանի որ սա ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի խնդիրն է: Եվ մենք այն կարծիքին ենք, որ Թուրքիան մի օր հաշտվելու է սեփական պատմության հետ եւ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը”,- ասաց նա:
Անդրադառնալով Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի հետ բանակցություններին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: “Քննարկման հիմնական թեման եղել է Հայոց ցեղասպանության հարցը: Գիտեք, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ մենք եւս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուրուգվային: Ուրուգվայի ժողովուրդը հոգեհարազատ է մեզ համար, եւ այս օրերին մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք Հայաստանում իրենց զգան ինչպես սեփական ընտանիքում”,-ասաց նա: