Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո
Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին
խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ
մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ
հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված
հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարեւորել է ՀՀ Նախագահի այցը
Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես
նաեւ ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության
համար: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝
խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի
այդ հարաբերությունների խորացմանը: Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին
Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է
գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով
Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի
բարգավաճող եւ կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաեւ
Ուրուգվայի պետական կառավարման համակարգում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից
մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում
տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի
աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ
գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է
հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային
կազմակերպություններում եւ Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում
Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո
Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է
հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար: Դանիլո
Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում
է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ
երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության,
ավանդույթների, մշակույթի վրա հիմնված: Պարոն Աստորին կարեւորել է
Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ ազգանպաստ
գործունեությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի
մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի
իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ
Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ
լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական
խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման
գործում: Այնուհետեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ
նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր
հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն
խաղաղության եւ արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը: