Թմրամոլների հավաքատեղի Արցախի փողոցում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ կան, իսկ ”ՎԱԶ-2107” մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ևս թմրամոլ է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի զննությամբ հայտնաբերել է տարբեր միլիգրամանոց 4 ներարկիչ, որոնցից մեկում` 5 մլ ներարկիչում առկա է 0.8 մլ թափանցիկ հեղուկ նյութի զանգված, 1 լիտրանոց 3 տարա` սպիտակ գույնի նյութի նստվածքներով և 0.5 լ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, ապակե տարա` շագանակագույն չոր նյութի զանգվածի մնացորդով:
Ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, նշված բնակարանից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն, 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն, 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ն և ”ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն: Ռաֆիկ Ե.-ն հայտարարել է, որ նշված թմրամիջոցի պրեկուրսորներից ցանկացել է պատրաստել թմրամիջոց, հիշյալ անձանց հյուրասիրելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Ե.-ն իր վարձակալած հիշյալ բնակարանում հոկտեմբերից մինչ օրս պարբերաբար /մոտ 15 անգամ/, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել է թմրամիջոցներ և ներարկիչներով դրանք ապօրինի իրացրել է` հյուրասիրելով Դավիթ Ս.-ին, Վահրամ Ա.-ին և Հովհաննես Ղ.-ին, որոնք էլ գործածել են ներարկման եղանակով: Կատարվում է հետաքննություն: