28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունն ավելի շատ ուզում է ապացուցել, որ ինքն ընդդիմություն է

17970_s

Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ

– Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հիշեց ձեր կուսակցության ղեկավարին` Սերժ Սարգսյանին: Ասաց, որ Բադեն-Բադենում ավելի շատ «ներդրում» է կատարվել, քան Շուշիում, որ ընդամենը Մոնումենտի մեկ-երկու դղյակի արժեքի չափ ներդրում է կատարվել՝ փորձելով հիմնավորել, որ ձեր իշխանությունն ի սկզբանե հակված է եղել Շուշին հանձնելուն, դրա համար էլ բնակելի շենքեր չեն կառուցվել, ներդրումներ չեն արվել։

– Եթե որեւէ մեկն իր ասածներում տրամաբանության եւ ճշմարտության հատիկ է տեսնում, դա իր խնդիրն է։ Ես չեմ տեսնում։ Ո՞ւմ հայտնի չէ, որ ինքը փորձառու մանիպուլյատոր է, երբեւէ խոսքի տակ չի մնում, իսկ հարցուպատասխանի ժամանակ, քանի որ վերջին խոսքը միշտ իրենն է, արդեն ձեռագիր է դարձրել  նման մանիպուլյացիաներ անելը, նախկիններից խոսելը։ Աշխարհում չկա նման երկրորդ ղեկավար, որը երեք տարուց ավելի վարչապետի աթոռը զավթել է, բայց շարունակում է խոսել նախկիններից։ Այս մարդը կառավարության ոլորտից բացարձակ չհասկանալով` երկիրը հասցրեց վտանգավոր իրավիճակի, երբ բազմաթիվ մարդիկ հիմա մեծ ցանկություն ունեն երկրից հեռանալու։ Ինչ վերաբերում է բադենբադեններին, Մոնումենտի տներին՝ դա հերթական մանիպուլյացիան է, որին հարկ չեմ համարում անդրադառնալ, դրանք հերթական ստերն են, որոնցով նա փորձում է իրեն լսող մարդկանց ականջները լվանալ։

– Օրերս ծաղկաձորյան հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իշխանափոխության բանաձեւը՝ «եթե բոլոր ուժերը նպատակ դնեն իշխանությանը հեռացնել, բայց չհավակնել գալ իշխանության, ապա կլինի իշխանափոխություն»։ Հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարեց փողոցային պայքար սկսելու մասին: Սերժ Սարգսյանը նույնպես չէր բացառել, որ փողոց դուրս կգաք։ Ի՞նչն է խանգարում իրագործել այդ ծրագրերը, հասնել իշխանափոխության։

– Խանգարում է ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը, վերջին ընտրություններից հետո մարդկանց ապատիկ վիճակը, որոնք սպասումներ ունեին, բայց չարդարացան, խանգարում է նաեւ ԱԺ անցած ընդդիմության հետ ունեցած ակնկալիքների առումով։ Շատ գործոններ են խանգարում։ Բայց այն, որ Սերժ Սարգսյանն ասաց, որ, այո, բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի այդ մարդուն հեռացնելը, դա էլ է հստակ։ Ես կարծում եմ, որ խորհրդարանում երեկ տեղի ունեցած հարցուպատասխանը ցույց տվեց, որ (չեմ ուզում, իհարկե, նեղացնել) ընդդիմությունն ավելի շատ ուզում է ընդամենը ապացուցել, որ ինքն ընդդիմություն է․․․ Ես համոզված եմ, որ մի կայծ, ինչ-որ մի առիթ, այդուհանդերձ, կարող է նորից փողոցային պայքար գեներացնել։ Մենք լոկալ ակցիաներ տեսնում ենք, բայց մասշտաբային ակցիաների համար, կարծում եմ, լուրջ պատճառ պետք է լինի, որը նորից մեծ ալիք բարձրացնի։ Դա պետք է սկսվի, բխի ընդդիմության քայլերից։ Հենց այնպես որեւէ պայքար չի լինելու։

– Ձեր կուսակցությունը եւս ներկայացված է խորհրդարանում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում․ ումի՞ց եք բողոքում, կարո՞ղ ենք ասել, որ նաեւ ձեր թերացումն է, որ իշխանափոխության համար պայքարը հաջողության չի հասնում։

– Ես թերացում չէի ասի, պարզապես ընդդիմությունը պետք է մեկ ճակատով գործի, համախմբված եւ հատկապես լուրջ քաղաքական ակցիաների միջոցով պետք է ալիք բարձրացնի, ոչ թե նման հարցուպատասխան ունենա։ Ի վերջո, հարցուպատասխանը կառուցողական դաշտ է տանում, որն այս իրավիճակում չի կարող կայանալ։ Այս մարդու հետ, այս իրավիճակում, երբ երկիրը կործանման եզրին է կանգնած, միայն շատ լուրջ քաղաքական ակցիաները կարող են բերել լուրջ փոփոխությունների։ Իսկ որ մեզ համար առաջին խնդիրը պետք է լինի հանրությանը գեներացնելը, այո, ես դրանում չեմ առարկում։ Բայց կրկնում եմ՝ խորհրդարանը լուրջ եւ ազդեցիկ հարթակ է, եւ այնտեղ է պետք մեկնարկել, գեներացնել լրջագույն պրոցեսներ։ Ցավոք սրտի, տեսնում ենք, որ նման փորձերը ճնշվում եմ, Փաշինյանն իր ոճի մեջ է, ամեն մի կայծ, բողոքի շունչ ինքը տեղում ոչնչացնում է, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։

– Ձեր կարծիքով, ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի ակնարկն առ այն՝ եթե իշխանությանը հեռացնելու, բայց իշխանության չձգտելու նպատակ դրվի, գործընթացը հաջողությամբ կպսակվի։ Ոմանք դա ընդունել էին որպես Ռ. Քոչարյանին ուղղված մեսիջ, սակայն վերջինս ասաց, որ բոլոր ուժերն էլ ընտրություններին իշխանափոխության նպատակ են հետապնդել։

– Եթե սովորական իրավիճակում բոլոր ուժերն ուզում են իշխանություն փոխել՝ իշխանության գալու նպատակով, ապա տարբեր է մեր իրավիճակը: Այն շատ ունիկալ է՝ կապիտուլյացիա է ստորագրվել, երկիրը հասցվել է նման վտանգավոր իրավիճակի, արդեն Սյունիք ենք կորցնում, մենք արդեն որպես պետություն ինքնուրույն սուբյեկտ չենք, որովհետեւ Զանգեզուրի միջանցքով զբաղվում են բոլոր երկրները, բացի մեզնից։ Մենք հայտնվել ենք դիտորդի կարգավիճակում, իսկ ինքն իր միակ գործը համարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներին անընդհատ սիրաշահելը, դրա դիմաց անընդհատ ճնշում է ընդդիմությանը։ Հենց այս պարագայում է, որ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե որը պետք է լինի ընդդիմության գլխավոր նպատակը՝ հեռացնել այս մարդուն, կանգնեցնել այս պրոցեսը։ Ես կարծում եմ, որ լիդերները պետք է միմյանց հետ բանակցեն, խոսեն ու միասնական պայքար մղեն, միայնակ մեկ ուժ չի կարող, պիտի լինի կոնսոլիդացիա։ Քանի որ հայերիս համար մի քիչ դժվար է կոնսոլիդացիան, դրա համար էլ խնդիր ունենք։

– Ըստ Ձեզ, ո՞ր ուժն է տապալում իշխանափոխությունը, ո՞ւմ գերնպատակն է իշխանություն վերցնելը։ Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի ասածը։

– Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչ ասել է։ Ինչ վերաբերում է Ձեր նախորդ հարցին եւ մամուլում տարածված լուրերին, թե երկու նախագահների միջեւ որոշակի խնդիր կա, հակասություններ, ես՝ ինքս, հակասություններ չեմ տեսնում եւ ասում եմ՝ որեւէ պահի, երբ կլինի գործընթաց, որին պետք է մենք մասնակցենք, մենք առանց խոսքի, առանց հաշվի առնելու որեւէ բան, մասնակցելու ենք։

– Իսկ Դուք՝ ինքներդ, չե՞ք փորձելու մարդկանց փողոց հանել։

– Ես արդեն ասացի՝ դրա համար որոշակի գործընթացներ պետք է հասունացնել, որը պետք է անի եւ ԱԺ-ի ընդդիմությունը` իր քաղաքական ակցիաների շնորհիվ, ի վերջո՝ քաղաքական հարթակը խորհրդարանն է, իսկ հետագայում արդեն հասունացնել, բերել մի վիճակի, երբ ամբողջ ընդդիմությունը համախմբված ժողովրդին կտանի դեպի այդ լուծումները։

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ