12 տարի ազատազրկում. դատարանը հրապարակեց Վազգեն Խաչիկյանի գործով վճիռը /ֆոտո, վիդեո/
՛՛Կենտրոն եւ Նորք-Մարաշ՛՛ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ հրապարակեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատավճիռը:
Հիշեցնենք, մեղադրող դատախազը միջնորդել է Վազգեն Խաչիկյանին դատապարտել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով /Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ կազմակերպված խմբի կողմից/ եւ 178 հոդվածի /խարդախություն/ հատկանիշներով՝ ազատազրկում 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Դատարանը վճռեց Խաչիկյանին դատապարտել 12 տարի ազատազրկման:
Գործով միակ կինը՝ օպերատոր Հրանուշ Դանիելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, 1 տարի պայմանական չի կիրառվի պատիժը, ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը՝ 4 տարվա`1 տարի փորձաշրջան, “Ավան եւ Նոր Նորքի” տարածքային բաժնի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը՝ 5,6 տարվա, Էրեբունի եւ Նուբարաշեն տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը՝ 4 տարվա ազատազրկման, որը չի կիրառվի՝ 1 տարի փորձաշրջան: Արաբկիրի տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 4, Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը՝ 6 տարվա ազատազրկման`1 տարի չի կիրառվի: Տեղեկատվական համակարգերի եւ վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Արմեն Խաչատրյանի կալանքը վերացվեց, դատարանից ազատ արձակվեց: Ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Բագրատ Մուրադյանը ազատվեց, նրա պատիժը պայմանական չի կիրառվի՝ մեկ տարի փորձաշրջան:
Տեղեկատվական համակարգերի եւ վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման:
Երեւան քաղաքի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գեւորգյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման, ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը՝ եւ վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը ՝ նույնքան ժամկետով ազատազրկման գույքի բռնագրավվմամբ: Խաչիկյանից եւ ազատազրկվածներից հօգուտ պետության կբռնագանձվի 261 115 562 դրամ:
Մանրամասները տեսանյութում: