20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին ոստիկանապետի ավտոմատավոր տղերքը ընտանիքին ստիպել են պարտքի դիմաց զիջել բնակարանը. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց “Ֆինանսական բուրգի” գործով դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար: Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա մշտապես գանգատվում է առողջական վիճակի վատացումից, շատ նիստեր հետաձգվում են ամբաստանյալի վատառողջության, ուժեղ գլխացավերի պատճառով:

Հարցաքննվեց դատարան ներկայացած վերջին վկան՝ Արման Իսահակյանը: Նա աշխատում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Սայաթ-Նովայի մասնաճյուղի տարադրամի փոխանակման կետում՝ որպես գանձապահ: Աշխատել է 2010 թվականից: Վկան սկզբում խուսափողական դիրք ընդունեց և ասաց, թե նախաքննական ցուցմունքում ամեն բան ասել է, այլևս ասելիք չունի: Նախագահող դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց վկային՝ դատարանում ցուցմունք, այն էլ՝ ճիշտ ցուցմունք տալու պարտականության մասին:

Վկան մնում էր անդրդվելի: Նախագահողը զգուշացրեց, որ նրա պահվածքը կարող է համարվել ցուցմունք տալուց հրաժարվել կամ հրաժարվելու փորձ, ինչը ենթակա է քրեական հետապնդման: Նույնիսկ հարց ուղղեց վկային. «Դուք հայերենին տիրապետո՞ւմ եք»՝ նկատի առնելով, որ մի քանի դիտողությունները վկայի վրա ազդեցություն չգործեցին:

Վկան ասաց. «Ես առավոտյան գնացել եմ աշխատանքի, իմ գործն եմ արել, հետո գնացել եմ տուն: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում»:

«Ասեք՝ ինչ գիտեք»,- առաջարկեց նախագահողը:

Ի վերջո, վկան կցկտուր ներկայացրեց, որ Արթուր Անդրեասյանը պարբերաբար իրենից տարադրամ է գնել ու տարել:

«Մոզամբի՞կ է տարել»,- վկայի կցկտուր խոսքից զայրացավ նախագահողը:

Վկան ասաց, թե չգիտի՝ Անդրեասյանն ուր է տարել իրենից գնած տարադրամը: Նա «հարմար գներով» տարադրամ էր առնում ու հեռանում:

«Այսքանն է կարողությունը վկայի»,- ասաց նախագահողը և մեղադրողին առաջարկեց հարցեր տալ”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ