Բանակդ ամրացրու, զենք առ, սահմաններդ ամրացրու, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել․ Մարուքյան
Որևէ զգացողություն չունեմ, որ պատերազմից մեկ տարի անց դասեր են քաղվել, որ Հայաստանում հանրային քննարկումները մտել են այնպիսի հուն, որ բոլորն անկեղծ ասում են, թե ինչու է այսպես եղել։ Չկան այդպիսի քննարկումներ, անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից։ Դա նշանակում է, որ մեկ տարի անցել է, և ընդհանրապես դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և «խաղաղության դարաշրջան բացելու» Փաշինյանի առաջ քաշած օրակարգին։
«Հայաստանն ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ։ Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով։ Հարևանի հետ խոսելը մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը՝ մեկ այլ բան։ Հարևանի հետ խոսելը քեզ չի խանգարում, որ բանակդ ամրացնես։ Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել։ Զենք առ, ո՞վ է ձեռքերդ բռնել։ Տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, երկրիդ ներքին ուժը կենտրոնացրու, սահմաններդ ամրացրու, խրամատներդ փորի, ինժեներական գործդ արա։ Ի՞նչ կապ ունի՝ ում հետ ես խոսում։ Մյուս կողմից էլ դիվանագիտական շատ մեծ աշխատանք կա տանելու, պետք է տանել», – ասաց Էդմոն Մարուքյանը