Ժողովրդին կոչ է անելու
՛՛Այդ հարցը կարելի է տալ ցանկացած դեպքում, եթե մենք վաղը դա անենք, կասեք՝ ՛՛քարտ բլանշ՛՛ եք տալիս: Որպեսզի մեկ քայլն անենք ու դա նախորդից տարբերվի, ինչ-որ բան ավելացնի մեր նվաճումների համար, մենք պետք է դրան պատրաստվենք՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՛՛քարտ բլանշ՛՛ են տվել իշխանություններին մինչև եռյակի հաջորդ հուժկու հանարահավաքը:
”Եթե սուր իրավիճակ կստեղծվի երկրում, որ մենք պետք է միջամտենք, մենք անելու ենք դա, հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց՛՛,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հայտարարությանը՝ եթե եռյակի ղեկավարներից մեկը դադարեցնի եռակողմ ֆորմատով հանդիպումները, կնշանակի, որ նա այլ նպատակ է հետապնդում, Մարգարյանն ու խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրեցին չորակել դա որպես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված հայտարարություն:
Մելքումյանը հավելեց, որ քիչ առաջ խոսել է Ռուբիկ Հակոբյանի հետ, ու նա ասել է, որ ամեն ինչ նորմալ է: ՛՛Դա տեխնիկական խնդիր է, ու եթե անհրաժեշտությունը կա, առաջնորդներն էլ են հանդիպում: Այնպես որ որևէ խնդիր ես չեմ տեսնում, ամեն ինչ այս առումով նորմալ է՛՛:
Մարգարյանը հավելեց, որ եռյակում, իհարկե, լինում են տարակարծություններ և ղեկավարների մոտ ևս դրանք կարող են լինել: ՛՛Ղեկավարների հանդիպումն այնպիսի մի միջոցառում է, որից հետո մենք կոնկրետ քայլերի ենք գնում: Եռակողմ հանդիպումներ կազմակերպում ենք այն ժամանակ, երբ նախօրոք հանդիպել ենք: Այդ ժամանակ որոշում է կայացվում ինչ անել՛՛: