25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված

Հաճախ ենք լսում այն տեսակետը, թե բարություն գործելով է, որ պիտի մոտենանք Աստծուն ու դառնանք հաճելի Նրան: Միանշանակ անքննելի ու հստակ փաստ է. Տիրոջը հաճելի է այն ամենն, ինչ բարի է: Սակայն այս ճանապարհին չպետք է մոռանանք նաև մի կարևոր հանգամանք՝ հպարտությունը, որ կարող է առաջանալ բարիք գործելուց:

Բարին գործելիս, երբ արժանանում ենք գովեստի խոսքերի, կարող ենք հեռանալ մեր խոնարհությունից՝ ընկնելով հպարտության գիրկը: Կամ սիրում ենք թվարկել մեր կատարած գործերը՝ ցուցադրելու համար այլոց, թե որքան բարի ենք ու որքան մեծ է մեր սիրտը: «Ես այս եմ արել հանուն նրա բարօրության, այս զոհողությանն եմ գնացել»,- ասում ենք մենք՝ չգիտակցելով անգամ, որ այդ խոսքերով հողին ենք հավասարեցնում մեր կատարածը: Չգիտակցելով, որ այդպես ավելի հաճելի չենք դառնում Աստծուն և հեռանում ենք Նրանից՝ ընկնելով յոթ մահացու մեղքերից մեկի՝ հպարտության մեջ:

Ինչպե՞ս, ուրեմն, պիտի մոտենանք մեր կատարած բարի գործերին, որպեսզի դրանք չարժեզրկենք: Կա հստակ մի բանաձև՝ փառք տալ Աստծուն՝ ամեն բարի բան վերագրելով Տիրոջը: Ամեն անգամ բարություն գործելիս ասել, որ այն գործել ենք Քրիստոսով, ըստ աստվածաշնչյան այն խոսքի, որ ասում է. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19):

Հենց այսպես է, որ համարվելու ենք խոնարհ, և հենց խոնարհությամբ է, որ հարթելու ենք մեր ճանապարհը դեպի Աստված: Խոնարհությունը առաքինությունների մայրն է և հպարտությանը տապալող ուժը։ Ինքը՝ Քրիստոս ասում է․ «Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:29-30):

Ուստի՝ ամեն անգամ որևէ բարություն գործելիս հիշենք, որ գործել ենք այն, ինչ պիտի գործեինք, պարտավոր էինք գործել՝ համաձայն աստվածաշնչյան այս խոսքի. «Երբ այդ բոլոր բաները կատարեք, ասացեք` անպիտան ծառաներ ենք. ինչ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկ. 17:10)։

qahana.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ