Մեկնարկեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր, ժամը 10:20-ին, մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն է մաղթել և նշել, որ եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ:՛՛Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է՛՛,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով 10 (տասը) առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն:
Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավոր համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները:
Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:
Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն