20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի եւ Թուրքիայի պատմության դասագրքերի տարբերությունները

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի  նոր հոդվածը պատմում է, թե ինչպես է հայաստանյան դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերում ներկայացվում Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների թեման: Նա նաև համեմատել է հայկական և թուրքական դասագրքերում թեմային առնչվող նյութերի բովանդակությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված «1915-ը հայկական դասագրքերում» վերնագրով հոդվածաշարում նա ներկայացրել է 11-րդ դասարանի հայոց պատմության դասագրքից  մեջբերումներ, որոնց հիման վրա էլ տվել է ընդհանուր գնահատական:

Նա նշել է, որ հայկական դասագքերում վերոնշյալ թեմային առնչվող դասերի բովանդակությունը պարզ, հասկանալի և ընկալելի է, որևէ տարօրինակություններ չկան, իսկ բովանդակության հետ կարելի է համաձայնել կամ ոչ:
Ինչպես օրինակ, թուրք պատմաբանի կարծիքով հայ կամավորական խմբերի դերը դասագրքերում փոքր ինչ չափազանցված է ներկայացված և դրանք իրականում ռազմական տեսանկյունից կարևոր դերակատարում չեն ունեցել, որի պատճառով Ռուսաստանը ցրել է դրանք:
Բացի այդ նա նշում է, որ կամավորական ջոկատների գոյությունը 1915-ին որպես փաստարկ օգտագործվեց հայերի դեմ, ինչպես նաև հետագայում ժխտողական քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցրեց:

Աքչամը ուշադրություն է դարձրել, որ դասագրքում «Արևելյան Անատոլիա» բառակապակցության փոխարեն կիրառվում է Արևմտյան Հայաստան տերմինը՝ նշելով, որ քրդերն էլ Հյուսիսային և Հարավային Քուրդիստան բառերն են օգտագործում, որոնք գրեթե համընկնում են նույն աշխարհագրական տարածքին:

Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ գրավել է Աքչամի ուշադրությունը, հայաստանյան դասագրքում թուրքերի դեմ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտությունների բացակայությունն է՝ ի տարբերություն թուրքական դասագրքերի, որոնցում առկա է ռասիստական և ատելություն սերմանող արտահայտություններ:

Աքչամը այս առնչությամբ գրում է, որ  բնական է, երբ ցեղասպանության ենթարկված հանրույթը իր ողբերգության մեջ մեղադրվող կողմի հանդեպ «դրական զգացումքներ» չի տածում և այդ զգացմունքները նաև արտահայտում է: Որպես այդ արտահայտման ձևերի օրինակ նշվում է Հոլոքոստից հետո հրեաների վերաբերմունքը գերմանացիների և գերմանական ամեն ինչի նկատմամբ, որի վառ օրինակ են Գերմանիայում ծնված հրեաները, ովքեր  հրաժարվում էին գերմաներեն խոսելուց, չնայած որ այն իրենց մայերնի լեզուն էր:

Հենց այս համատեքստում էլ Աքչամը շատ կարևոր է համարում, որ հայկական դասագրքերում նման արտահայտումները խրախուսող մեկնաբանություններ տեղ չեն գտել, իսկ կիրառված լեզուն շատ զգուշավոր է:

Որպես վերջաբան, Աքչամը ընդգծել է, որ հայկական կողմի և թուրքական կողմի միջև համեմատությունները կշարունակվեն, և դա շատ բնական է, սակայն սխալ կլինի, եթե համեմատություններն ու վերլուծությունները կատարվեն ցեղասպանությանը զոհ դարձած և այն իրագործած կողմերի միջև հավսարություն դնելով:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ