Խաղահրապարակ բոլոր երեխաների համար քարոզարշավը սկսված է
Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյնի, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մասնակցությամբ իրականացավ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ճոճանակի բացումը: Հայ-բրիտանական գործարար պալատի և Երևանի Ռոտարի ակումբի կողմից նվիրաբերված ճոճանակը Երևանի կենդանաբանական այգում տեղադրվեց Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը:
՛՛Երևանի կենդանաբանական այգին պետք է հասանելի լինի տարբեր կարողությունների երեխաների համար և սա մեկն է դրան ուղղված նախաձեռնություններից: Շնորհակալ եմ Հայաստանում բրիտանական համայնքին՝ աջակցության համար՛՛, նշեց փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանը:
Ճոճանակի տեղադրումը նշանավորեց սկիզբը ՛՛Խաղահրապարակ բոլոր երեխաների համար՛՛ քարոզարշավի, որի նպատակն է կառուցել Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը: Քարոզարշավն անցկացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:
՛՛Խաղահրապարակ բոլոր երեխաների համար՛՛քարոզարշավը մեզ համար ավելին է, քան այգում հերթական բարեկարգում: Սա Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակն է՝ նախատեսված նաև հատուկ կարիքներով երեխաների համար: Մենք կարծում ենք, որ սա առանցքային քայլ է՝ ուղղված մեր հասարակության մեջ այդ ՛՛անտեսանելի՛՛երեխաների հանդեպ հարգանքի և պատասխանատվության ձևավորմանը:
Հույս ունենք, որ Երևանի կենդանաբանական այգու խաղահրապարակը կդառնա սոցիալական ինտեգրման կայուն մոդել, տարածք, որն ինքն իր գոյությամբ կջնջի բոլոր արհեստական սահմաններն ու կարծրատիպերը և, իհարկե, սիրելի վայր կլինի բոլոր երեխաների համար՛՛, ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Դեսպան Քեթրին Լիչը խրախուսեց բոլոր անհատներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին հնարավորինս աջակցել նախաձեռնությանը. ՛՛Սա շատ կարևոր քարոզարշավի սկիզբ է, և կցանկանայի կոչ անել բոլորին միանալ քարոզարշավին և օգնել կառուցել Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը՛՛:
Հայաստանում բնակվող հատուկ կարիքներով երեխաներն ու նրանց ընտանիքները
հասարակության լուսանցքային հատվածում են՝ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի հետևանքով: UNICEF-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 8000 երեխաների մեկուսացման հիմնական պատճառը մարդկանց ՛՛անհաղորդությունն է՛՛. շատերի ընկալմամբ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում անհնար է:
Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցմանը կարելի է աջակցել
աշխարհի ցանկացած կետից` նախագծին նվիրատվություն անելով Global Giving առցանց
հարթակում հետևյալ հղումով. http://goto.gg/19063:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման: