Խաչատրյանի անվան և մյուս փառատոներն ամրապնդում են մեր դիրքը աշխարհի մշակութային քարտեզում. Վիգեն Սարգսյան
Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեծ հանդիսավորությամբ փակվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Համերգն ուղիղ եթերով դիտում էին հարյուրհազարավոր երաժշտասերներ հեղինակավոր euronews.com կայքով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 21-րդ դարի բոլոր տեխնիկական հնարքները հնարավորություն են տալիս, որպեսզի ամբողջ Եվրոպան հետևի, թե ինչ է կատարվում Հայաստանի մշակութային կյանքում։ ՛՛Ցավոք, այսօր ավելի շատ են խոսում Հայաստանի խնդիրներից, քան հաջողություններից։ Մենք ունենք անհավանական մշակութային ժառանգություն և ներկա, ինչն էլ այսօր Եվրանյուզի միջոցով ներկայացնում ենք աշխարհին՛՛,- ասաց դիրիժորը։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ներկա էր համերգին, նշեց, որ հետևում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեությանը, ելույթներին և հպարտ է, որ Հայաստանն ունի նման նավագախումբ. ՛՛Այսքան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ համախմբվել են, ներկայացնում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մեծ հույզեր պարգևելով հանդիսատեսին՛՛։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային և այլ փառատոների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը փառատոների երկիր է։ Դրանց նպատակն է զարգացնել ազգային մշակույթը և հաստատուն տեղ գրավել աշխարհի մշակութային քարտեզում, ինչը հաջողությամբ արվում է։