Տգիտության արդյունք էր, Հակոբյանը՝ ԵՏՄ-ին կողմ քվեարկողներին
՛՛Վերջին քառօրյայի օրակարգը բավական հագեցած ու լարված էր, ինչը բնական ու օրինաչափ է՛՛: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը բավական լուրջ փաստաթուղթ էր, սակայն ցավալի է, որ այն լուրջ քննարկման չարժանացավ ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս հասարակության հետ: Հակոբյանը նշեց, որ դեռևս անպատասխան է մնացել մաքսակետի վերաբերյալ հարցը: Միաժամանակ նա նկատեց, որ քաղաքական տգիտության արդյունք էր այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում պայմանագրի քվեարկության ժամանակ:
՛՛Որովհետև եթե խղճի կամոք քվեարկվեր, ավելի քիչ ձայներ կլինեին, սա կուսակցական կոնյուկտուրային դեպք էր՛՛: Նշենք, որ դեմ էին քվեարկել միայն ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորները, նաև Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:
Դիտարկմանը, թե եռյակը ևս չունի միասնական դիրքորոշում արտաքին քաղաքականության վերաբերյալ և հնարավոր է, որ այսօր հայտարարվի եռյակից դուրս գալու մասին, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Այս ուժերին միավորող թիվ մեկ հարցը իշխանափոխությունն է: Արտաքին քաղաքական հարցերում եռյակն ի սկզբանե հայտարարել է, որ չունի միասնական գործելակերպ: Հետագայում ինչ ընթացք կլինի, ես չեմ կարող ասել, բայց այս պահին ՛՛Ժառանգությունը՛՛ մնում է եռյակի ձևաչափում՛՛:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա պատգամավորն ասաց. ՛՛Կառավարությունը չունի իմունիտետ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որ նետված է թե ամբողջ աշխարհին, թե Հայաստանին՛՛: