Եռյակն անկյուն է մտել. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը գրում է.
Այն, որ եռյակը վերջին ժամանակներս կտրուկ նվազեցրել է ակտիվությունը, մի կողմից՝ միանգամայն բացատրելի է։ Ձմռանը քաղաքականությունը չէինք ասի, թե մահանում է, բայց մի տեսակ սեղմվում է, կծկվում, մտնում անկյուն ու նեղացած կանգնում այնտեղ, ժամանակ առ ժամանակ արձակելով նյարդային ճիչեր։
Հնարավոր է նաեւ, որ եռյակը տոգորվել է հին չինական փիլիսոփայության գաղափարներով, համաձայն որոնց՝ երբեմն ճակատամարտը շահելու լավագույն միջոցը ճակատամարտից խուսափելն է։ Համենայն դեպս հուսանք, որ վերացական փիլիսոփայական մտորումները ցույց կտան նրանց փակուղուց ելքը կամ առնվազն կհուշեն, թե որտեղ է հարկավոր այդ ելքը փնտրել։
Թեեւ, մյուս կողմից, փակուղուց ի՞նչ ելք կարող են ունենալ Bathygobius soporator-ները։ Մանր ծովաձկան ընտանիքի այդ ներկայացուցիչները ապրում են քարքարոտ ափերի մոտ եւ տեղատվությունների ժամանակ “բանտարկվում” ջրափոսերում։
Դուրս ցատկելով այնտեղից՝ նրանք ընկնում են հարեւան ջրափոսը։ Այդպես էլ եռյակը. ձմռանը քաղաքական կյանքում դիտարկվում է տեղատվություն, ահաեւ նրանք ցատկում են մի ջրափոսից մյուսը։
Բնականաբար, չդադարելով այդ ընթացքում դատողություններ անել արտահերթ ընտրությունների, հեղափոխության ու իշխանափոխության մասին։
Այստեղ հարկ է նշել, որ աշխարհում, թերեւս, միայն երեք հասկացություններ կարող են հպարտանալ մեր համաքաղաքացիների լեզվի, մշակույթի, բարոյականության ու մտածելակերպի մեջ խոր, կենսականորեն կարեւոր ներթափանցմամբ։ Նկատի ունենք ներթափանցումը ե՛ւ գործազուրկների, ե՛ւ տաքսու վարորդների, ե՛ւ օլիգարխների, ե՛ւ գյուղացիների, ե՛ւ վաճառողուհիների, ե՛ւ տատիկների, ե՛ւ հարբեցողների մեջ՝ առանձին վերցրած, եւ Հայաստանի՝ ամբողջությամբ վերցրած, որպես նրանց պետություն։ Մեր թանկագին, սուրբ հայոց աշխարհի վրա պատմականորեն ազդող այդպիսի նվիրական, առանցքային հասկացություններ պետք է համարել, իհարկե, արտահերթ ընտրությունները, հեղափոխությունն ու իշխանափոխությունը։
Անկասկած հենց այդ հասկացությունների շնորհիվ է մեր անմեղ, աստվածապաշտ ժողովուրդը սկսել ծխել, խմել, անպարկեշտ հայհոյել, զբաղվել մարմնավաճառությամբ, ստել, թալանել մերձավորին, գողանալ, եւ ըստ որում՝ մնացել փոփոխությունների հետաքրքիր ժամանակաշրջանում ապրող բազմաչարչար, հոգեւոր, առեղծվածային հասարակություն։
Մի խոսքով, եռյակի ճարտասանությունը, անկախ ձմեռային անգործությունից, իհարկե, չի փոխվի։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: