Խորհրդարանկան խմբակցությունների մեծ մասը կողմ է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը /վիդեո/
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, պայմանագրին 131 պատագամավորից դեմ քվեարկեց ընդամենը 7-ը:
“Սա խոսում է մի բանի մասին, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին, հավանություն են տվել Նախագահի վարած արտաքին քաղաքական կուրսին”,-ասաց նա:
Շարմազանովի խոսքով, երբ ՀՀ Նախագահը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, Հայաստանում քննադատության մեծ ալիք բարձրացավ:
“Նույնիսկ կային մարդիկ, որ այս որոշումը համարեցին նվաստացուցիչ, սակայն այսօր քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական ուժերի մեծ մասն աջակցում է իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Իսկ այն մարդիկ, ովքեր Մաքսային միությանն անդամակցելու որոշումը համարում էին նվաստացուցիչ, նույնիսկ այսօր խորհրդարանում չէին եւ չմասնակցեցին քվեարկությանը:
Եթե այդքան մտահոգված էին, եթե որոշումը համարում էին նվաստացուցիչ, ապա ավելի ազնիվ կլիներ, որպեսզի նրանք ներկա լինեին եւ հայտնեին իրենց կարծիքը: Սակայն նրանք լռեցին այն բանից հետո,երբ իրենց կուսակցությունները հայտնեցին իրենց դրական կարծիքը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին”,- ընդգծեց Շարմազանովը:
Պատասխանելով հարցին, թե ինչու ՄՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ Հայաստանում հանրաքվե չանցկացվեց, նշեց, որ դրա կարիքը բոլորովին չկար, քանի որ ժողովրդի կարծիքն արդեն իսկ պարզ էր: Նա նշեց, որ Հայաստանում հասարակության մեծ մասը կողմ է եղել որոշմանը: Շարմազանովը հարգում է նաեւ այն քաղաքացիների տեսակետը, ովքեր դեմ էին ԵՏՄ-ին:
“Մոսկվայում, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մեր ցանկության մասին, հստակ շեշտեց, որ Այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ հետագա համագործակցությունից: Ավելին, ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են շարունակել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ:
Մենք էլ մեր հերթին բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ»”- եզրափակեց նա:
Մանրամասները տեսանյութում: