Մարտական դիրքում կրակ է բացել. ավագ լեյտենանտը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Կ.Անանյանի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ. պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի եւ դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ.Սարիբեկյանի միջեւ։ Հ.Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ.Անանյանը:
Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (զենքի գործադրմամբ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը), կատարվում է նախաքննություն:
Հ.Ղազարյանը ձերբակալվել է: