Խաչիկյանի եւ մյուսների վճիռը՝ երկուշաբթի /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դեկտեմբերի 4-ին լսեց Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների վերջին խոսքը:
Հրանուշ Դանիելյանը իրեն մեղավոր չճանաչեց, ասելով, որ երբեք իրեն մեղավոր չի զգացել: Համլետ Մարտիրոսյանն ասաց, որ երկու տարի առաջ իրեն մեղադրել են 24 կենսաթոշակառուների ցուցակները ստորագրելու համար, սակայն խոսքը այն ցուցակների մասին է, որ Շենգավիթի սոցիալական ծառայությունում իրենք հրաժարվել են ստորագրել, իսկ սոցիալական ծառայության պետը պատռել է այդ ցուցակները: Նա արդարացի վճիռ խնդրեց:
Արթուր Սուքիասյանը իրեն մեղավոր է ճանաչել եւ խնդրեց դատարանից մեղմ պատիժ: Սարգիս Սարգսյանը իրեն մեղավոր էր ճանաչել մասնակի եւ դատարանից մեղմ պատիժ է ակնկալում:
Հովհաննես Հովհաննիսյանը համաձայնեց իր պաշտպանի հետ եւ ոչինչ չասաց:
Սամվել Էլբակյանի խոսքով, իրեն չնայած մեղադրում են յուրացման մեջ, բայց ինքն հակառակ գործողությունն է արել՝ կանխելով յուրացումը: Մասնավորապես պատռել է այն ցուցակները, որոնք սոցիալական ծառայության վերնախավը ուղարկել էր ստորագրելու նպատակով:
Արմեն Խաչատրյանը դատարանից խնդրեց, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկետ՝ նշելով, որ 2,5 մլն դրամ հարազատները դեռ 2012թ. սեպտեմբերի 7-ին վճարել են պետբյուջե, իսկ մի անդորրագիր էլ՝ 1 մլն 200 հազարի չափով, փոխանցվեց դատարանին:
Բագրատ Մուրադյանը խնդրեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի եւ արդարացվի: Դատարանին էլ ներկայացրեց 8 մլն 305 հազար դրամի անդորրագիր:
Վահագն Խաչատրյանը իր վերջին խոսքում ասաց, որ բարեխիղճ կատարել է աշխատանքները՝ չնայած ծանր հիվանդությանը՝ շաքարախտով տառապելուն, պետությանը 7 մլրդ դրամի օգուտ է տվել: Նա համաձայն չէր, որ համապարտությամբ բոլորի վրա դրվի 130 մլն դրամ գումարը, որը ինքը չի յուրացրել եւ որը համապատասխան չէ իր աշխատանքին: Նա ասաց, որ 2 տարի 3 ամիս նստել է եւ խնդրեց իր նկատմամբ համաներում կիրառել:
Վիգեն Գեւորգյանը որեւէ մեկին հանցավոր խմբի անդամ չի համարում, խնդրեց արդարացի դատավճիռ եւ եթե “պատիժ” ապա դատարանի դահլիճից ազատելով: Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը հրաժարվեցին վերջին խոսքից, իսկ Վազգեն Խաչիկյանը, որի վերջին խոսքը տեւեց 11 րոպե: Խաչիկյանի վերջին խոսքն այստեղ:
Դատավոր Արշակ Վարդանյանը մտավ խորհրդակցական սենյակ եւ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 12-ին: