Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզնից չպրծա՞վ…
՛՛Հերիք է շանտաժ անեք, արա, իմ լեքսիկոնում չկա: Մեկ անգամ է եղել, Շիրակի մարզում, ես ներողություն եմ խնդրել, շտկել եմ: Մի անգամ եմ ասել ու չեմ ամաչում ասել, որ նորողություն եմ խնդրել, պրովոկացիաներով մի զբաղվեք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է երեկ ՛՛արա՛՛-ով խոսել ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի հետ:
Դիմելով լրագրողներին՝ վարչապետը նրանց հորդորեց. ՛՛Ես խնդրում եմ լավ բաներ տեսեք, ինչի՞ եք ամեն ինչի մեջ վատ բաներ տեսնում: Մեր երկրի, պետության, Արցախի գործերը շատ լավ են լինելու, մի շտապեք, նեղություն կա, բայց կհաղթահարենք: Ես կոչ եմ անելու, որ բոլորս համախմբվենք, հաղթահարենք միասին: Եթե լրագրողներն էլ լավ առաջարկներ անեն, շատ շնորհակալ կլինեմ, տաք առաջարկներ անեք՝ շատ շնորհակալ կլինեմ, կփորձեմ իրացնել՛՛:
Դիտարկմանը, թե լրագրողները խորհուրդ են տալիս կոռուպցիան, մենաշնորհը վերացնել, Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց՝ անելու է, ապա նշեց, թե դրա համար պարզապես ժամանակ է հարկավոր: Ինչ վերաբերում է տեսակետին, որ կառավարության կազմը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերն են, ապա Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. ՛՛Վաչե Գաբրիելյանը իր ինտելեկտով, ունակությամբ, չի կարող լինել որևէ մեկի մարդը: Կայացած մարդ է, իր գիտելիքները մենք հիմա փորձելու ենք օգտագործել հանուն պետության, հանուն ձեզ: Տիգրան Սարգսյանը գնաց, ձեզնից չպրծա՞վ… Էդ մարդը գնացել ա, աշխատում ա, ի՞նչ եք ուզում… Ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ: Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ, մարդ չի կարող ունենալ՛՛,-եզրափակեց վարչապետը: