Սեռական փոքրամասնությունների պաշտպանվածությունը չարաշահվում է. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհ”-ի, շատերի համար գաղտնիք չէ, որ Արեւմուտքի որոշ կառույցներ Հայաստանում զբաղված են աղանդավորական կազմակերպություններին, ինչպես նաեւ այլասերվածներին եւ հասարակական բարքերի այլասերմամբ զբաղվողներին ուղղակիորեն թե անուղղակիորեն աջակցելով: Երբեմն այդ աջակցությունը միանգամայն անթաքույց ու ցինիկ բնույթ ունի։
Թերթը գրում է, որ վերջերս բացված LGBTnews.am էլեկտրոնային լրատվական կայքը Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիր է, որի հիմնական նպատակը ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի (արվամոլների), բիսեքսուալների, տրանսվեստիտների) համայնքին վերաբերող միջազգային եւ տեղական տեղեկատվության տարածումն է:
“Մեր ազգը պետք է գիտակցի, որ Հայաստան ներմուծված բոլոր արհեստածին կազմակերպությունները եւ այլ երկրների կողմից քայքայիչ գործունեություն իրականացնելուն պատրաստված անձինք միայն մի նպատակ են հետապնդում` Հայաստանը, հայերին հեռացնել Աստծուց եւ կործանել մեր երկիրը,- ասում է Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը:
“Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նշված շեղումներն արդեն իսկ ունեցող անձինք մեր հասարակության ներկայացուցիչներն են եւ կարիք ունեն խնամքի ու հոգատարության, նրանց նկատմամբ պետք է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերենք` չհանդուրժելով այդ հիվանդությունների աճն ու զարգացումը, ինչպես նաեւ անբարո վարք ու բարք ձեւավորող քարոզչությունը,- գտնում է թերթի զրուցակիցը։- Սեռական փոքրամասնությունների իրավունքները, շահերը պաշտպանող ՀԿ-ները, ըստ էության, շանտաժի են ենթարկում մեր պետություն”:
Ավելին. պետականորեն պաշտպանված են տարբեր հասարակական կազմակերպությունների եւ փոքրամասնությունների իրավունքներն ու շահերը, սակայն, ըստ Ժ.Ասրյանի, այդ պաշտպանվածությունը, դժբախտաբար, չարաշահվում է եւ վտանգավորություն է ներկայացնում մարդու, ազգի, պետության անվտանգության համար:
Այդ հասարակական կազմակերպությունները պայքարում են միասեռականների եւ սեռական այլ շեղումներ ունեցողների, այսպես ասած, իրավունքների պաշտպանության համար, սակայն այստեղ հարց է առաջանում` իսկ մեզ ո՞վ է պաշտպանում կամ պաշտպանելու այդ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող այլասերվածության քարոզչությունից:
– Գուցե հայ հասարակությունը պետք է դիմի կառավարությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով կամ պահանջելով անբարո քարոզչությունից պաշտպանել ժողովրդին, մանկահասակ երեխաներին,- ասաց Հանրային խորհրդի անդամը:- Պաշտպանել այդ ԼԳԲՏ անձանցից, ինչպես նաեւ նրանց իրավունքների պաշտպանի անվան տակ հանդես եկող հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց քարոզչությամբ, հրատարակած գրքերով եւ այլ գործունեությամբ ոտնահարում են հասարակության իրավունքները, բռնանում այդ հասարակության կամքի վրա, իրավունք վերապահում պարտադրելու մեր երեխաներին փչանալ ու մտավոր, հոգեբանական խեղվածություն ձեռք բերել դեռեւս մանուկ հասակում:
Ժ.Ասրյանն առաջարկում է դիմել կառավարությանը խնդրանքով` արգելել անչափահասների շրջանում եւ հասարակության մեջ այլասերվածության եւ անբարոյականության` ԼԳԲՏ-ի ցանկացած քարոզչություն:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: