10 փամփուշտով սպանել է ծառայակցին. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի եւ Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:
Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչեւ 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ:
Սեպտեմբերի 15-ին Տիգրան Հակոբյանը խախտել է “ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին” կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը:
Գիշերվա ժամը 2-ն անց 50-ի սահմաններում Տիգրան Հակոբյանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից:
Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք: Քնաթաթախ վիճակում, չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է, մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու թվով 10 փամփուշտ է կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ:
Արդյունքում շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է:
Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:
Տիգրան Հակոբյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաեւ դեպքի ժամանակ ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եւ դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը:
Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասով, իսկ Արթուր Զոհրաբյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով:
Դեպքի ժամանակ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եղել է տվյալ դիրքի ավագի օգնականը: Նա, ըստ հաստատված գրաֆիկի, պարտավոր է եղել ամեն օր՝ գիշերվա ժամը 2-ից մինչեւ 4-ը, դիտակետում հերթապահել դիտորդների հետ:
Սակայն դեպքի պահին Մարտիրոսյանը գտնվել է ոչ թե դիտակետում, այլ՝ գետնատնակում, նրա կատարած խախտումը, անբարեխիղճ վերաբերմունքը կանոնադրության պահանջների ու ծառայության նկատմամբ, ըստ դատական ակտի, առաջացրել է էական վնաս:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: