Կաթնամթերք, շոկոլադ, մսամթերք…ինչ թանկացումներ են եղել և լինելու
Դրամի արժեզրկումը շարունակվում է: Մեկ դոլարը վաճառվում է 440-450 դրամով: Իհարկե, Կենտրոնական բանկը հանգստության կոչ է արել դեռ երեկ՝ նշելով, որ այս գործընթացը շարունակական չէ, սակայն Հայաստանում ապրանքներն արդեն սկսել են թանկանալ:
Henaran.am-ի հարցախույզը ցույց տվեց, որ արդեն մի շարք ապրանքներ թանկացել են: Օրինակ՝ կաթնամթերքն է թանկացել, բուսական յուղը, շոկոլադը: Մթերային խանութներից մեկը սեփականատերը պատմեց, որ թանկացել է ՛՛Ռաֆաելո՛՛ կոնֆետը, երշիկեղենի1 կգ-ը՝ 100-200 դրամով, ”Աշտարակ կաթ”-ի ապրանքները՝ 20-30 դրամով:
Դեռևս նոյեմբերի վերջին Վանաձորում էլ լուրեր էին շրջանառվում, որ հացը պետք է թանկանա, սակայն թանկացում դեռևս չի գրանցվել: Փոխարենը Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ:
Նշենք, որ մեզ հետ զրույցում տնտեսագետները այս զարգացումները կանխատեսել էին: Ըստ տնտեսագետ՝ Աշոտ Եղիազարյանի կարելի է նույնիսկ գազի գնի թանկացում սպասել: Տնտեսագետների խոսքով՝ այս թանկացումները շարունակական են լինելու: