20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական անմեղսունակներ

Քառյա′կ, հրաշալի-հրեշալի′ եռյակ, թեժ աշուն… Թեժ աշու՞ն… Թեժ աշուն չկար, կային աննպատակ կրքեր, անհասկանալի, անհիմն քաղաքական ամբիցիաներ, ռեվանշիզմ, քաղաքական ուժերի վերադասավորում, քաղաքական պայքարի իմիտացիա, քաղաքական հերթական սառը ցնցուղ, հուսալքություն, հիասթափություն, թշնամանք, ատելություն, թույնի տարաչափ չափաբաժնի ”վիբրոսներ”…

Մի խոսքով, քաղաքական կյանք, քաղաքական ”պայքար”, քաղաքականություն` տեղական արտադրության, էժանագին հումքի, արտասահմանյան թափոնների, անհասկանալի արաբա-թուրքական, վրացական համեմունքներով, ուկրաինական սխտորակոծված ճարպով համեմված:
Իշխանություններին ատելը նորություն չէ.մարդկության պատմությունը միշտ էլ ուղեկցվել է այդ ատելությամբ ու երբեք էլ ոչ մի երկրում չեն սիրել իշխանություններին:

Դա գուցե բնական է ու օրինաչափ, բայց երբ ատելության, թշնամանքի ու վիրավորանքի են արժանացնում նախկին համախոհներին, կուսակիցներին, քաղաքական պայքարի ընկերներին, որոնց հետ ճանապարհ են անցել, զրկանքներ, հալածանքներ նեղություններ կրել, ցրտից կուչ եկած, վրաններում կծկված աղ ու հաց կիսել, նրանցից որոշներով հիացել ու հիմա հայհոյանքների և ստորացուցիչ մեղադրանքների են արժանացնում, այստեղ արդեն մարդ կոչվող այդ արարածներից վերջնականապես հիասթափվում ես…

Մարդկային ստորությունն էլ պետք չափ ու սահման ունենա… Կարելի է չհամաձայնվել, չկիսել քաղաքական հայացքները, դիրքորոշումները, բայց այդքան թշնամանք, այդքան անսպառ թույնի չափաբաժին որտեղի՞ց…

Որտեղի՞ց այդքան ատելություն, այդքան անհանդուրժողականություն, ո՞վ է ներարկել, որտեղի՞ց է առաջացել… Հենց ձեզ նմանների շնորհիվ են հավանաբար առաջանում բոլշևիզմները, ֆաշիզմները, դիկտատուրաները…Ձեզ նմաններն են իրենց համար կուռքեր, ֆյուրերներ, դիկտատորներ ստեղծում ու սկսում պաշտել անմեղսունակի նման` անգիտակից, ֆանատիկ, մոլագարության հասնող նվիրվածությամբ:

Ցավալին այն է, որ դուք աջ ու ձախ խոսում եք հանդուրժողականության, համերաշխության, ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական, համամարդկային արժեքների մասին, սակայն նույն պահին աղբանոցի նման գարշահոտություն, ամենալկտի, ամենաանդաստիարակ, փողոցային հայհոյանքներն ու լուտանքներն եք ինքնագոհ սփռում աջ ու ձախ: Այդ ոճը դառնում է նորմա, ազգային առանձնահատկություն որոշ քաղաքական ուժերի մոտ:

Սփրեդի, բուսայուղի և խորհրդային ”կոմբիժիրի” խառնուրդով համով ճաշ չես կարող եփել…Շատ անհամ, անբույր ճաշ կստացվի և վերջում ուտողները կլցնեն այդ ճաշը եռահամ, անհամատեղելի յուղով եփող խոհարարի գլխին…

Եվ պատահաբար չեն հազար անգամ կաշի փոխածների, արևմուտքի, հյուսիսի օտար ափերում բանագնացների, ”որակյալ հանրահավաքների”, փող չունենալու, փողով, ավտոբուսներով մարդ բերելու անմեղսունակների մակարդակի բարբաջանքներն ու քաղաքական ”շուստրիությամբ” առլեցուն, ”լուրջ, իմաստալից, խելացի” հայտարարությունները…

Բոլորդ, գրեթե բոլորդ արժեք իրար… Ցավալին այն է, որ այս ողջ քաղաքական դաշտում լուսավոր ու անկեղծ նվիրյալներ, ժողովրդի, ՀՀ քաղաքացու մասին մտածողներ կարծես չկան:  Չկա′ն, համոզված եմ, ու ցավալին հենց դա է…

Բայց դե չեմ զարմանում… Ինչպիսին ես եմ, դու, նա, ինչպիսին մենք ենք` հասարակությունն է, այնպիսին էլ քաղաքական դաշտն է… Քաղաքական դաշտը` հայկական, արտադրված Հայաստանում, բացարձակապես տեղական հումքով, արտասահմանյան փորձագետների ուղղորդմամբ, ”Made in Armenia” պիտակով…

Չպահանջարկված, խիստ անորակ, օգտագործման համար ոչ պիտանի, խոտան ու միաժամանակ վնասակար և շատ տնական ու ռաբիսավարի… Բարի ախորժակ քեզ ՀՀ քաղաքացի, բարի վայելում քո եռահամ ճաշդ… Ֆեյսբուքյան հանրագրում ՛՛դառնացել՛՛ է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ