14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ուղերձ է հղել Արցախի անկախության 30 ամյակի առիթով, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակից,
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։ Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատեւելու է»,- ասված է ուղերձում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ