«Այլևս համբերություն չունենք, վարչապետն ասում է, եթե գերիներին չեն տալիս, ես ի՞նչ անեմ». գերիների և անհայտ կորածների հարազատների ակցիան ԱԱԾ շենքի մոտ
Գերիների և անհայտ կորածների հարազատները հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ՝ պահանջելով որոշակի տեղեկատվություն տրամադրել իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ կամ գործնական քայլեր անել՝ նրանց գտնվելու վայրը պարզելու, կամ, զոհված լինելու պարագայում, մարմինները գտնելու և վերադարձնելու ուղղությամբ։
Ծնողներից ոմանք նշում են, որ պատկան կառույցներին տեսանյութեր են տրամադրել, որտեղ երևում են հայ զինծառայողների մարմիններ, սակայն դրան ևս որևէ քայլ այս ամբողջ ընթացքում չի հաջորդել։
Հավաքված ծնողները պատմում են, որ 10-11 ամիս է՝ անընդհատ դիմում են բոլոր կառույցներին, հանդիպել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, բայց լսում են միայն համբերությամբ զինվելու հորդոր, ոչ մի կառույցից ոչ մի գործանական քայլ չեն տեսել։
«Վերջին տվյալներով հայտարարում են, որ ունենք 244 անհայտ կորածներ, մենք դրան էլ չենք հավատում արդեն։ Ոչ մի թվի չենք հավատում։ Մենք այլևս համբերություն չունենք, որովհետև բոլոր կառույցներում պտտվել ենք, մեր խնդրանքներին ի պատասխան՝ նորմալ աշխատանք չի կատարվում։ Այսօր ոչ ոքի պետքը չէ, որ ունենք զոհված երեխաներ։ Մարմինները տեսնում ենք, և այդ մարմիններն իրենք չեն բերում»,- ասաց հավաքված ծնողներից մեկը։
ԱԱԾ շենքի մոտ գտնվող մեկ այլ ծնող էլ նշեց․ «Ամեն անգամ խոստանում են՝ գնացեք, ամեն ինչ կանենք։ Մեզ վերջին անգամ ԱԱԾ-ից պատասխանել են՝ սպասեք մինչև ամսի 15-ը, հաստատ պատասխան կունենաք, բայց 4 օր անցել է ամսի 15-ից, և ոչ մի պատասխան չունենք, ոչինչ չեն անում»։
Անհայտ կորած զինծառայողի ծնողն էլ դրվագ պատմեց Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից։
«Երբ ես վերջին անգամ հանդիպեցի, վարչապետը զարմանալի հայտարարություն արեց. ասաց, որ հնարավոր է, որ մեր երեխաներն Ադրբեջանում գերեվարված լինեն, բայց որ չեն տալիս, ես ի՞նչ անեմ։ Ես հարցնում եմ իրենց, ասում եմ՝ գերիներ ունե՞նք, ասում են՝ չէ։ Հետո օրինակ բերեց գրիչը։ «Գրիչը գրպանում է, ասում եմ՝ տուր, ասում են՝ գրիչ չունեն»։ Ես հարցրեցի․ «Եվ ի՞նչ»։ «Եվ վերջ»։ Վարչապետի պատասխանն է»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։