Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում , երբ այն ձեր ուսերին է

Բաքուն փորձում է սեւ կատվին գտնել մութ սենյակում, մինչդեռ այդ կատուն իր ուսերին է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե “հայկական “ՄԻ-24” ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, եւ ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք”:
Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային իրավական նորմերը, այդ թվում` Ժնեւի կոնվենցիան` անդադար գնդակոծության տակ պահելով ուղղաթիռի անկման վայրը եւ թույլ չտալով տարհանել անձնակազմի դիակները: “Եվ անհեթեթ հայտարարություններով հանդես գալու փոխարեն` ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները, պարզապես, լռեն”, – նշել է ԱԺ փոխխոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը լրագրողներին հայտարարիել էր, թե հայկական “ՄԻ-24” ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, եւ ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք: “Միջազգային կազմակերպությունները հայերի ճնշման ներքո աղմուկ են բարձրացնում, սակայն նրանք մոռանում են, որ խոցված ուղղաթիռն ընկել է Աղդամի տարածքում: Նաեւ` համախագահող երկրները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այդ դեպքում ինչու՟ այդ երկրները Հայաստանին հարց չեն տալիս, թե ինչ է նա անում այլ երկրի տարածքում: Ինչո՟ւ նրանք չեն հարցնում, թե ինչու էր նրա ռազմական ուղղաթիռը հայտնվել Աղդամի տարածքում”:
Զ.Ասկերովի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոցված ուղղաթիռի առնչությամբ պետք է բացատրություն պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ` Հայաստանից: