Ռուսների մասնակցությամբ Վերին Շորժայի հատվածում բանակցություններ են ընթանում․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողությունները առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։
«Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական զինուժը այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը հետ է շպրտել:
Ըստ «Հետքի» նույն աղբյուրի՝ այդ հատվածում այժմ տեղակայվել են ՌԴ զինծառայողներ։ ՊՆ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց. «Ռուսներն այնտեղ են, ժամը 10:40-ից բանակցություններ են ընթանում»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ժամը 03:40-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով երկու կողմն էլ կորուստներ ունի։ Հայկական կողմը երեք զոհ և երեք վիրավոր ունի։ Ադրբեջանն իր կորուստների մասին տվյալներ չի հրապարակել։
Ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններով Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածներում փորձել են բարելավել իրենց դիրքերը։ Հայկական զինված ուժերի զինծառայողներն էլ դիրքային պաշտպանությամբ կանխել են հակառակորդի առաջխաղացման փորձերը։ Արդյունքում, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: