Ուղեղի ցնցում և հիշողության մասնակի կորուստ. Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարձակումից հետո

Երեկ, երեկոյան ժամը՝ 18:00-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել ՛՛Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու՛՛ Գևորգ Սաֆարյանը: Հարվածը եղել է հետևից՝ կոշտ առարկայով:
Ստացած հարվածի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը, գլխի շրջանում ունի վնասվածք: Սաֆարյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Մեզ հետ զրույցում ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նշեց, որ Սաֆարյանը ոչինչ չի հիշում, նախնական ախտորոշմամբ ստացել է ուղեղի ցնցում և ունի հիշողության մասնակի կորուստ: Հակոբյանը նշեց նաև, որ Գևորգ Սաֆարյանը բավականին շատ արյուն է կորցրել:
՛՛Դեպքը տեղի է ունեցել՝ Խանջյան-Թումանյան անցումի մոտ տեղակայված՝ կանգառում: Հետաքրքիրն այն է, որ փողոցի բանուկ մաս է՛՛,-ասաց Հակոբյանը և հավելեց.՛՛Սա լայնամաշտաբ հարձակում է ՛՛Հարյուրամյակն առանց ռեժիմի՛՛ շարժման անդամների վրա: Լույսը դեռ նոր է բացվել: Արդեն պետք է կապ հաստատենք իրար հետ, որ հասկանանք այս գիշեր՝ ի՞նչ է պատահել: Չեմ կարծում, որ սա այսքանով վերջացած լինի: Այս դեպքը ուղիղ մարտահրավեր է հասարակության նկատմամբ՛՛:
Հիշեցնենք, որ 24 ժամվա ընթացքում հրկիզվել էր ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամներից՝ 7-ի մեքենաները: