Գազը կթանկանա. տնտեսագետ
՛՛Մենք ներմուծող երկիր ենք, եթե դրամի արժեզրկում է տեղի ունենում, ներմուծումը թանկանում է, ծախսատար է դառնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ նրա՝ չպիտ մոռանանք նաև, որ մենք էներգակիրներ ներմուծող երկիր ենք, և կարելի է ենթադրել, որ կթանկանան նաև էներգակիրները, մասնավորապես գազը:
Դիտարկմանը, որ խոստացել էին, որ մի քանի տարի գազը չի թանկանալու, նա արձագանքեց. ՛՛Բայց համաձայնագիրն այդպես չէ, այնտեղ զսպվածության գին է սահմանում, որը կապված է Օրենբուրգի մարզի գնի հետ, իսկ Օրենբուրգի մարզի գինը անկախ արժեզրկումից փոփոխության ենթակա գին է, իսկ արժեզրկումն այնտեղ ինդեքս է կիրառում, իսկ մաքսային գինն էլ ֆիքսված է 189 դոլար, կարծում եմ, որ դա անդրադարձ կունենա նաև էներգակիրների գնի վրա՛՛:
Տնտեսագետը շեշտեց, որ այդ ամենն իր ուղղակի ազդեցությունը կունենա Հայաստանի տեղական արտադրողների վրա, մրցունակությունն այսպես թե այնպես կընկնի: ՛՛Նույն արտահանողների մրցունակությունն էլ կընկնի, եթե նկատի ունենանք սննդամթերքի, խմիչքի արտահանումները: Արժեզրկումն արդեն ինքնին ենթադրում է աղքատացում՛՛:
Եղիազարյանի խոսքով՝ եթե դրամի արժեզրկման գործընթացն ավելի արագ լինի, քան ռուբլու արժեզրկման, ապա Ռուսաստանից ներմուծման դեպքում կորուստները շատ կլինեն: ՛՛Այս պահին քանի դեռ Ռուսաստանում ռուբլու արժեզրկում էր, մեր ներկրողները ունեին որոշակի առավելություն, հնարավոր էր ապրանքն ավելի էժան բերել Հայաստան, հիմա դա արդեն խնդիր է դառնում, ավելի շատ կշահեն ռուս արտահանողները՛՛:
Նա նշեց, որ անհասկանալի էր նաև Կենտրոնական բանկի հայտարարությունը: ՛՛Ի՞նչ է նշանակում ճշգրտումներ անել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո: ԿԲ-ը չարաշահում է իր լիազորությունները՛՛: