Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող. Կարեն Բիշարյան
Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը՝ Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով որպես հարակից պատասխանող կողմ, բարձր դատարանում անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին:
«Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առերևույթ ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ… Դատախազությունը գտնում է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքը արտահայտողի անձից, դիտավորությունից, խոսքի բովանդակությունից և ձևից, սրությունից և վնասի հնարավորությունից, այդ չափանիշներով պետք է գնահատել բռնության կոչի և բռնության սպառնալիքի հանրային վտանգավորությունը, և քրեական հետապնդման մարմինները ստացված հաղորդագրությունները հենց այս չափանիշներով էլ գնահատման են ենթարկել»,- ասաց Կարեն Բիշարյանը՝ անդրադառնալով հարցի քրեաիրավական կողմին:
Բիշարյանի խոսքով՝ Դատախազությունը գնահատական է տվել նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու և սպառնալիքներ տալու 4 դեպքի առնչությամբ, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերել: Բիշարյանը նաև տեղեկացրեց, որ որոշումներ կայացնելիս հաշվի են առել նաև միջազգային փաստաթղթերն ու ՄԻԵԴ որոշումները.
«Պետք է փաստել, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների և մասնավորապես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների ելույթները իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող: Այս դիրքորոշումը պայմանավորված էր այն փաստով, որ վերջիններս ելույթ են ունեցել՝ որպես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքի առաջնորդներ, և որպես իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական կուսակցության կամ դաշինքի ղեկավար՝ նախընտրական հանրահավաքների և հանդիպումների ընթացքում ներկայացրել են իրենց կուսակցության կամ դաշինքի հայացքներն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակություն ունեցող քաղաքական հարցերի վերաբերյալ, և հետևաբար՝ գտնվել են ազատ խոսքի պաշտպանության ներքո»:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցների ելույթները, դրանցում օգտագործած արտահայտությունները քրեաիրավական տեսանկյունից գնահատվել են՝ որպես հանցակազմ չպարունակող արտահայտություններ:
Անդրադառնալով հայտնի մուրճին՝ Բիշարյանը նշեց, թե Փաշինյանի հնչեցրած բոլոր հայտարարություններում «կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը դա սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ»: