29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Մեկը միշտ չափազանց շատ է իմ կողքին՛՛

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր facebook-ի էջում գրառել է.

՛՛Մեկը միշտ չափազանց շատ է իմ կողքին, – այսպես է մտածում մենակյացը:- Միշտ մեկ անգամ մեկ – ժամանակի ընթացքում անում է երկու՛՛:
Ես-ն ու Ինձ-ը չափազանց եռանդուն են խոսակցության մեջ: Ինչպե՞ս տանել դա, եթե որևէ բարեկամ չլինի:
Մենակյացի համար բարեկամը միշտ երրորդն է, – երրորդը խցանն է, որը խանգարում է, որ երկուսի խոսակցությունը խորքերը իջնի:
Ախ, չափազանց շատ խորություններ կան բոլոր մենակյացների համար: Այդ պատճառով նրանք այդպես տենչում են մի բարեկամի և նրա բարձրությանը:
Ուրիշների հանդեպ մեր հավատը մատնում է, թե մենք որտեղ հաճույքով կուզենայինք հավատալ ինքներս մեզ: Մեր կարոտը բարեկամի հանդեպ մեր մատնիչն է:
Եվ հաճախ սիրո միջոցով ուզում են լոկ նախանձի վրայով թռչել: Եվ հաճախ հարձակվում և թշնամի են սարքում՝ թաքցնելու համար, որ խոցելի են:
՛՛Գոնե իմ թշնամի՜ն եղիր՛՛, – այսպես է խոսում ճշմարիտ ակնածանքը, որը չի հանդգնում բարեկամություն հայցել:
Եթե մեկն ուզում է բարեկամ ունենալ՝ ապա պարտ է, որ նրա համար նաև կռիվ տալ կամենա, – իսկ կռիվ տալու համար պետք է կ ա ր ո ղ ա ն ա լ թշնամի լինել:
Պետք է բարեկամիդ մեջ դեռ թշնամուն հարգես: Դու կարո՞ղ ես բարեկամիդ ընդհուպ մոտենալ՝ առանց նրա կողմը անցնելու:
Բարեկամիդ մեջ պետք է քո լավագույն թշնամուն ունենաս: Դու պետք է սրտով նրան ամենամոտիկը լինես, երբ ընդդիմանում ես նրան:
Դու ուզում ես բարեկամիդ առջև հագուստներ չհագնե՞լ: Բարեկամիդ համար պատի՞վ ես համարում, որ նրան տրվում ես՝ ինչպիսին որ կաս: Սակայն նա դրա համար քեզ գրողի ծոցն է ուզում ուղարկել:
Ով իրեն չի ծածկում՝ գրգռում է այլոց, – դուք այնքա՜ն հիմքեր ունեք մերկությունից վախենալու: Այո, եթե դուք աստվածներ լինեիք՝ այդժամ կարող էիք ամաչե՜լ ձեր հագուստներից:
Դու քո բարեկամի համար չես կարող բավականաչափ գեղեցիկ զուգվել, – քանզի դու նրա համար նետ պիտի լինես և կարոտ՝ գերմարդու հանդեպ:
Դու արդյոք բարեկամիդ տեսե՞լ ես արդեն քնած, – որպեսզի իմանաս, թե նա ինչ տեսք ունի: Իսկ ուրիշ ի՞նչ է դեմքը բարեկամիդ: Այն քո սեփական դեմքն է՝ խորդուբորդ և անկատար մի հայելու մեջ:
Դու արդյոք տեսե՞լ ես բարեկամիդ արդեն քնած: Դու չե՞ս վախեցել, որ այդպիսին է բարեկամիդ տեսքը: Օ, բարեկամս, մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի:
Կռահելու և լռելու մեջ բարեկամը պետք է վարպետ լինի. ամեն ինչ չէ, որ դու պիտի ուզենաս տեսնել: Քեզ պետք է քո երազը մատնի, թե ինչ է անում բարեկամդ արթուն ժամանակ:
Թող կռահում լինի քո կարեկցանքը, որ դու նախ իմանաս՝ կարեկցանք ուզու՞մ է քո բարեկամը: Գուցե նա քո մեջ աննկուն աչքն է սիրում և հայացքը հավերժության:
Քո կարեկցանքը բարեկամիդ հանդեպ թող թաքնված լինի պինդ մի կճեպի տակ, դու նրա վրա պիտի ատամդ փշրես: Այն իր քաղցրությունն ու նրբությունը այդպես ձեռք կբերի:
Արդյո՞ք մաքուր օդ ես և մենություն, և հաց, և բալասան քո բարեկամի համար: Ոմանք չեն կարողանում փրկվել իրենց սեփական շղթաներից, բայց բարեկամի համար ահա փրկիչ են:
Ճո՞րտ ես: Ուրեմն չես կարող բարեկամ լինել: Բռնակա՞լ ես: Ուրեմն չես կարող բարեկամ ունենալ:
Կնոջ մեջ չափազանց երկար ճորտն ու բռնակալն են թաքնված եղել: Ահա թե ինչու կինը դեռևս ընդունակ չէ բարեկամության, – նա միայն սերը գիտի:
Կնոջ սիրո մեջ անարդարություն և կուրություն է այն ամենի հանդեպ, ինչը նա չի սիրում: Եվ անգամ գիտակից սիրո մեջ կնոջ՝ էլի միշտ հարձակում է, շանթ է, գիշեր է՝ լույսին առընթեր:
Կինը դեռևս ունակ չէ բարեկամության, – դեռևս կատուներ և թռչուններ են կանայք: Կամ, լավագույն դեպքում, կովեր:
Կինը դեռևս ունակ չէ բարեկամության: Բայց ասացեք ինձ, տղամարդի՛կ, ձեզնից այդ ո՞վ է ունակ բարեկամության:
Օ, ձեր թշվառությու՜նը, տղամարդիկ, և ձեր հոգու գծուծությու՜նը: Ինչքան որ դուք բարեկամին եք տալիս՝ այդքանը ես իմ թշնամուն էլ կտամ և դրանով ավելի չեմ աղքատանա:
Կա ընկերություն, – թող բարեկամությու՜ն լինի:
Ֆ. Նիցշե
՛՛Այսպես խոսեց Զրադաշտը՛՛

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ