Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ և կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջև․ Արմեն Գևորգյան
Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության օրվա առթիվ:
Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների և գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման և սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այժմ այս օրակարգում են հայտնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Փաստորեն Նիկոլի պոպուլիստական իշխանությունը պետք է վճռականորեն հաստատվի ոչ միայն Կառավարությունում և խորհրդարանում, այլև դատարաններում և համայնքներում:
Ոչինչ այն մասին, թե ինչպես բարելավել երկրում կառավարման որակը և քաղաքացիների բարեկեցությունը, ինչպես վերականգնել հասարակական համերաշխությունը ու խաղաղությունը երկրում պատերազմից հետո, ինչպես ապահովել տնտեսական աճը և ինչ անել նոր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ և կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջև:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է առավելագույն ապաքաղաքականացմանը պետական կառավարման մարմինների համար, բայց մենք գնում ենք այն ճանապարհով, որ քաղաքացիական ծառայությունը տեղավորում են մեկ քաղաքական կուսակցության պատկերացումների շրջանակներում: Ամբողջ աշխարհը գնում է դեպի տեղական ինքնակառավարման մարմինների առավելագույն ազատություն, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք լիովին կախված լինեն կառավարությունից: Եվ այս 30-ից ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ, օրինակ, նույն Նիկոլի հայրենի Իջևանում արդեն 2 տարի է չկա համայնքի օրինական ընտրված ղեկավար:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը աշխատում է, թե ինչպես օգտվել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առավելություններից, մինչդեռ Հայաստանում մենք ոչնչացնում ենք մասնավոր սեփականության և բանկային գաղտնիքի պաշտպանության իրավական ռեժիմը: Խոսում ենք օտարերկրյա կապիտալով ակտիվների ազգայնացման մասին: Դրան զուգահեռ, մենք սպասում ենք օտարերկրյա ներդրումների: Ներդրումները չեն եկել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, և չեն գալու նաև 2021-ի ընտրություններից հետո:
Մենք չենք մտածում ինչպես նվազեցնել երկրում աղքատության աճի ինտենսիվ տեմպերը, որը կբարդանա գյուղատնտեսության աղետալի իրավիճակով, ինչպես խուսափել կրթական վերջնական դեգրադացիայից, ինչպես կասեցնել երկրում միգրացիայի աճող տեմպերը և խուսափել դեմոգրաֆիկ արհավիրքից, ինչպես ստեղծել սեփական սահմանների պաշտպանության արդյունավետ համակարգ: Բայց ավելի կարևոր է գնահատել անցյալը և նախկինների գույքը խլել: Դրանով կարելի է տեսարաններ ապահովել, բայց հաց չի լինի:
Թվում է, որ կան հատուկ ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը չտեղավորվի մարդկության զարգացման ժամանակակից մեգա-միտումների մեջ և հետընթաց զարգացման ինտենսիվ տեմպերով ապրի:
Ակնհայտ է նաև, որ կորում է հայկական աշխարհի, այսպես կոչված, միասնությունը: Նիկոլի եռամյա կառավարումը նոր էներգիա չհաղորդեց հայկական աշխարհին: Սփյուռքը սկսեց ավելի հեռանալ պատմական հայրենիքից, և նոր գլոբալ աշխարհում հայերի ուծացման ռիսկերը ավելի զգալի դարձան: Սեփական ժողովրդով և ազգային պետությամբ հպարտության օբյեկտիվ պատճառների բացակայությունը խորացնում է ազգային ինքնության ճգնաժամը, իսկ պատմական անցյալն ու ավանդույթները քայքայվում են կեղծ-հայրենասիրական գաղափարախոսությամբ:
Արմեն Գևորգյան