Առանց Զարուհու
՛՛Ժառանգության՛՛ շուրջ ծավալվող իրադարձությունները հուշում են նոր քաղաքական զարգացումների մասին: Ինչպես հիշում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ դժգոհել էր ՛՛Եռյակի՛՛ ներսում չհամաձայնեցված որոշումների մասին և ՛՛Եռյակի՛՛ որոշ ներկայացուցիչներ, մեկնաբանելով Րաֆֆու ասուլիսը, ասել էին, որ նրանք բացառապես հենվում են ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքի վրա:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը՝ կապված ընդդիմադիր պատգամավորների շրջանակներում ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, քաղաքական դաշտում նոր հնարավոր խմորումների առիթ է դառնում:
Փաշինյանի հարցազրույցից հետո նրա հայտարարությունը տարբեր ձև էին մեկնաբանել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը:
Մասնավորապես՝ Փոստանջյանը ողջունել է Փաշինյանի կոչը և հայտարարել, որ միանում է նրա նախաձեռնությանը: ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորը հավելել է, որ սա քննություն է հատկապես այն ուժերի համար, ովքեր մինչ այս որպես առանցքային հարց դիտարկում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ժառանգության ՛՛ոչ իշխանական թևը՛՛, բնականաբար, շարժվելու է Եռյակի հրահանգով և դժվար է պատկերացնել, որ ոչ իշխանականները կողջունեն և համագործակցության ձեռք կմեկնեն Նիկոլ Փաշինյանին:
Ստացվում է ՛՛Ժառանգությունը՛՛ հնարավոր է բաժանվի երկու մասի՝ Ժառանգության ՛՛ոչ իշխանական թև՛՛ և փաշինյանական թև: Կարծում եմ՝ այս հնարավոր բաժանումը վարակիչ է լինելու նաև ողջ ընդդիմադիր դաշտում:
Ինչևիցե, առաջիկա քաղաքական զարգացումները սարերի ետևում չեն, սպասենք, և շուտով ավելի պարզ կդառնա հետագա իրադարձությունների պատկերը:
Օգտատեր Ռուբեն Խաչատրյանի էջից
Հ.Գ. Նկատենք, որ ՛՛ժառանգական՛՛ Զարուհի Փոտսանջյանը կոչ էր արել սատարել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի նախաձեռնությանը: Ի դեպ, վերջերս մամուլը քննարկում է Փոստանջյանի /նա սուր քննադատության ենթարկեց ՛՛Եռյակի՛՛ գործողությունները՝ հայտարարելով, թե չի միանա նրանց-հեղ./ դժգոհության հարցը կուսակցության առաջնորդի ՛՛ոչ ադեկվատ՛՛ գործողություններից՝ կապված վերջինիս ՛՛Եռյակի՛՛ հետ համագործակցության հետ: