Ինչպես է ԵՏՄ-ին անդամակցելն ազդելու ՀՀ-ի վրա
ԵՏՄ-ին անդամակցության ՀՀ-ի պայմանագրի ճանապարհային քարտեզը մշակվել է այս տարվա հունվարի 23-ին և ներառում է 262 միջոցառում, որոնցից իրականացվել է 126 միջոցառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ի համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Նրա խոսքով՝տեղծվել են 22 աշխատանքային խմբեր, որոնից յոթը ղեկավարվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից: Իրականացվել են բազմաթիվ խորհրդակցություններ, այս պահին ընթանում է ՀՀ-ի նորմաիրավային դաշտի համապատասխանեցում ԵՏՄ-ին:
Գործարար շրջանակի հետ քննարկվել ու հաստատվել են առաջին անհրաժեշտության զգայուն ապրանքների ցանկը, որի նկատմամբ որոշակի ժամանակահատվածում պետք է պահպանվեն ՀՀ-ում գործող ներմուծման մաքսատուրքերը: Հատկանշական է, որ անդամակցությունից հետո զուգահեռաբար կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը:
՛՛Ինչ վերաբերում է ՀՀ տարածք ԵՏՄ երկրներից արտադրանքի ներմուծմանն, ապա ներմուծողը առանց խոչընդոտների ՀՀ տարածք ապրանքներ կներմուծի, քանի որ արտադրանքն արդեն իսկ համապատասխանում է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին: ՀՀ-ում գործող համապատասխանության գնահատականի մարմնի կողմից տրված սերտիֆիկատը հիմք կհանդիսանա ՀՀ-ի արտադրանքը ԵՏՄ-ում իրացնելու համար՛՛:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների մասին համաձայնագրով սահմանվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք ներկայումս չեն կիրառվում ՀՀ-ում: ԵՏՄ համաձայնագրով հաստատված միասնական ցանկում ընդգրկված են ութ ապրանքներ, որոնց ներմուծումն ու արտահանումը երրորդ երկրներից արգելված է: Փոխնախարարը հավելեց, որ 26 ապրանքախմբերի ներմուծումն ու արտահանումը սահմանափակված է ոչ սակագնային կարգավորման միջոցներով:
Միության երկրները նպատակ ունեն կիրառելու միասնական մաքսատուրք երրորդ երկրներից ներկրված ապրանքների հանդեպ: Հաշվի առնելով սա՝ ձևավորվել է ապրանքների ցանկ, որոնց մասով անցումային ժամանակահատվածի համար պահպանվելու են ՀՀ ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերը:
Ցանկում ընդգրկվել են սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքներ, արդյունաբերության համար հիմք հանդիսացող ապրանքներ՝ էներգակիրներ, մեքենաներ, դեղորայք:
Մաքսատուրքերի փոփոխման անցումային ժամանակահատված է լինելու 752 ապրանքների համար: ՛՛Պայմանագրով մի շարք ապրանքների համար նախատեսվում են մաքսատուրքների վճարման մասով զրո տոկոս դրույքաչափի կիրառման արտոնություններ՛՛: Գյուղատնտեսական տասնութ ապրանքների դրույքաչափերը ԵՏՄ-ում ավելի ցածր են ամրագրված, քան ՀՀ-ում կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը: Անդամակցությունից հետո ուժի մեջ են մտնելու ազատ առևտրի մասին բոլոր պայմանգրերը, որոնք այժմ գործում են ՀՀ-ում: