15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ո՞ւմ է հանձնարարել, ուղիղ կապո՞վ, թե՞ ԱԱԾ-ի միջոցով է հանձնարարել». Խաչիկ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դաշինքը ղեկավարող վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը բազմիցս ասել է՝ եթե ինքն իշխանություն լիներ, ապա կարող էր գերիների հարցը շուտափույթ լուծել։

«Գերիների հարցը ոչ թե անձնական մակարդակի դիվանագիտության խնդիր է, այլ՝ միջպետական հարաբերությունների հարց է։ Հաշվի առնելով, որ այսօր իշխանությունը տիրապետում է մանիպուլյացիայի սարսափելի գործիքակազմի, նույնիսկ, եթե անձնական կապերով մեր մի քանի հայրենակիցների վերադարձն ապահովեինք, վստահ եմ՝ իշխանական քարոզչամեքենան այդ տեղեկատվությունը գլխիվայր շուռ տալով՝ կմատուցեր մեր հանրությանը և աշխարհին կասեր՝ այ, տեսեք, Վանեցյանն Ալիևի հետ պայմանավորվել է, գերիներին պահել է և հիմա հետ է բերում, որ իշխանության վարկանիշը նվազեցնի»,- նշեց Խաչիկ Գալստյանը։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, թե պատրաստ է իր որդուն տալ ու հայրենիք վերադարձնել գերեվարված անձանց, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի կարծիքով՝ դա  ուշացած հայտարարություն էր և էժանագին քարոզչական հնարք։

«Այսպիսի հնարավորություն ու պատրաստակամություն ունեցող մարդը հունվարի 11-ին Մոսկվայում բանակցություններից առաջ ֆեյսբուքյան ստատուսի փոխարեն, որտեղ ասում էր, թե գնալու է գերիների հարցը լուծելու և նրանց վերադարձնելու, այդ առաջարկը պաշտոնապես թող այն ժամանակ հնչեցներ։ Իսկ հիմա, երբ իրեն մատնացույց են անում, ինքն էլ իր ոճով պատասխանում է, թե հանձնարարել է, ո՞ւմ է  հանձնարարել, երբ Արտգործնախարարությունը գլխատված է, ուղիղ կապո՞վ է հանձնարարել, թե՞ ԱԱԾ-ի միջոցով։ Կարծում եմ՝ սա էժանագին քարոզչություն է»,- հավելեց Խաչիկ Գալստյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կատարած հայտարարությանը, թե  համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցեն՝ իր որդուն բոլոր գերիների դիմաց փոխանակելու իր առաջարկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ